Մեր ձեռքի տակ ընկած փաստական տվյալները ցույց են տալիս, որ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն վերաբերող քրեական գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է խմբագրվում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նրա փոխանցմամբ՝ փաստերը համադրելով իր մոտ համոզմունք է ձևավորվել, որ այդ գործով ուղղորդումներն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ «Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն, սա մաֆիային բնորոշ դրսևորումներ են, որ պատվիրվում են, թե անձանց ինչ մեղադրանքներ առաջադրվեն: Այն մաֆիայի մասին է, որի մասին Նիկոլ Փաշինյանն էր խոսում անցած տարի մարտին ԱԺ-ի ամբիոնից և խոսքը ուղղված էր ինձ, որպես մաֆիոզ իրավաբան, պարզվեց ով է ՀՀ-ում մաֆիա ղեկավարում և բացահայտվեց»,– ասաց նա:
Փաստաբան Գեորգի Մելիքյանը նշեց, որ մեղադրանքի որոշումը նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթ է, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է և ո՛չ քննչական բաժնի պետը, ո՛չ դատախազը, այդ որոշման նկատմամբ իրավասություն չունեն վերաձևակերպելու։
«Վարչապետի օգնականն ինքն է մեղադրանքի որոշում գրում, վերաձևակերպում, ինքն է քննիչին ցուցումներ տալիս թե տվյալ որոշման մեջ ինչպիսի՞ ձևակերպումներ ներառվեն: Քրեական գործի մեջ կան նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, դրանք ևս հասանելի են դարձել վարչապետի օգնականին և պարզ է դառնում, որ քրեական հետապնդումը ոչ թե իրականացրել է Արթուր Այվազյանը, այլ՝ Աննա Վարդապետյանը: Դուրս է գալիս, որ տվյալ գործով քրեական հետապնդում իրականացնող անձը Աննա Վարդապետյանն է, իսկ բաժնի պետը՝ Նիկոլ Փաշինյանը»,– ասաց նա:
Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին ցույց տվեց փաստաթուղթ՝ նշելով, որ փաստաթղթում ակնհայտ երևում է, թե Աննա Վարդապետյանն ինչ փոփոխություններ է իրականացրել և ինչպես է իր դիտարկումները մտցվել՝ անձին, որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ։
«Իմ մոտ հարց է առաջանում քննիչը և Աննա Վարդապետյանը ո՞նց են իրար հետ ծանոթացել, հարցի պատասխանը ես ակնկալում եմ Քննչական կոմիտեի ղեկավարներից: Փաստորեն՝ այս գործով հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Աննա Վարդապետյանը: Ո՞վ է կապել քննիչին Աննա Վարդապետյանի հետ, ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանին տրամադրի տեղեկություններ, ո՞վ է քննիչին հանձնարարել, որ Աննա Վարդապետյանի կողմից տրված հանձնարարությունները խելոք կատարի, այս հարցի պատասխանները պետք է տա Քննչական կոմիտեի ղեկավարը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Քննչական կոմիտեն և դատախազությունը ԱԱԾ–ին որևէ մեկնաբանություն չի տվել: