ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հաղորդակցային ուղիների բացման ու «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ հարցին, ընդհանրական պատասխան է տվել:
«Ընդգծում ենք, որ ընդհանուր առմամբ, և՛ Բաքուն, և՛ Երևանը կառուցողական տրամադրվածություն են դրսևորում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում»,- ասել է Զախարովան:
Վերջինս հիշեցրել է, որ գլխավոր խնդիրը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն է:
«Հույս ունենք, որ նման դրական ուղղվածության և փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման շուրջ կենտրոնացումը կգերակշռի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական հայտարարություններում, այլև մեդիադաշտում»,- հավելել է դիվանագետը: