2018-ին ես նշել եմ, որ ես ու շատ հայրենակիցներ մեր կյանքը պատկերացնում ենք ընտանիքի, եկեղեցու և բանակի ինստիտուտների գոյության պայմաններում: Այդ ժամանակ էլ կանխազգում էինք, որ այս իշխանությունը թիրախավորելու է հենց այս ինստիտուտները: Ժամանակը ցույց տվեց, որ այդպես էլ կա: Այս մասին զինվորականների և քաղաքացիների՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ակցիայի ընթացքում հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց Լանզարոտեի, Ստաբուլյան կոնվենցիաները, եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, գեներալիտետի նկատմամբ հակաքարոզչությունը՝ նշելով, թե այդ ամենը մի օր բերելու էր քաոսի:
«Հետպատերազմյան շրջանում, երբ բոլորս սթրեսի մեջ էինք, չէինք գիտակցում մեր պարտությունը, սկսեցին խոսել թուրք-ադրբեջանական սահմանների բացման, թուրքական շուկայի մասին: Զոհերի գերեզմանների ծաղիկները չթափված՝ արդեն խոսում են տնտեսական արդյունքների մասին»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ կարևորագույն ինստիտուտներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Տեղի է ունեցել վեճ սահմանադրական մարմինների միջև՝ վարչապետ-ԶՈւ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը համարել էր հակասահմանադրական՝ այդ հիմքով վերադարձնելով Փաշինյանին: Նախագահը, փոխանակ իր սահմանադրական պարտքը կատարի և այս վեճը տեղափոխի դեպի ՍԴ, չի ստորագրում հրամանագիրը: Հետևանքով հրամանագիրը համարվում է ուժի մեջ մտած: Սարգսյանը նշել է՝ Գասպարյանի ազատումը կարող է հանգեցնել զինվորական այդ խիստ առանձնահատուկ կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով: Եթե նախագահը չդիմի ՍԴ, ստացվում է՝ ինքը դրդում է, որ այս հարցերը լուծվեն փողոցում՝ ոչ սահմանադրական ճանապարհով»,-հայտարարեց Զոհրաբյանը՝ ներկայացնելով ՀՀ նախագահին ուղղված պահանջը.
«Պահանջում ենք ՀՀ նախագահի հետ հանդիպում, եթե խուսափի հանդիպումից, կփորձենք երթով գնալ իր կեցավայր: Նրանից ունենք մեկ պահանջ՝ դիմել ՍԴ: Նախագահից պահանջելու ենք կատարել իր սահմանադրական պարտականությունը»,-ասաց նա՝ նշելով, թե հանդիպումից խուսափելու դեպքում կորոշեն իրենց հետագա քայլերը:
Ակցիայի մասնակիցներն ուղևորվեցին Բաղրամյան պողոտա՝ ՀՀ նախագահի հետ հանդիպելու ակնկալիքով: