Walt Disney ընկերության կորուստը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին անցած եռամսյակում կազմել է 1,4 մլրդ դոլար, այդ գումարից մեկ միլիարդի կորուստը կապված է համավարակի պատճառով թեմատիկ այգիների փակման հետ: Այս մասին ասված է ընկերության հաշվետվությունում, որը հրապարակվել է մայիսի 5-ին, գրում է Variety-ն։
Ընկերության եռամսյակային ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում, որն ավարտվել է մարտի 28-ին, Disney-ի մաքուր շահույթը երեք ամսվա ընթացքում տարեկան կտրվածքով նվազել է 91 տոկոսով՝ հասնելով 475 մլն դոլարի:
Ընդհանուր հասույթն աճել է ավելի քան 20 տոկոսով՝ տարեկան հաշվարկով մինչև 18 մլրդ դոլար՝ փոքր-ինչ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսած ցուցանիշը՝ 17,9 մլրդ դոլար: Ընկերությունում այդ աճը կապում են 2019 թվականին 21st Century Fox ժամանցային ակտիվների ձեռքբերման հետ:
Disney-ը հայտարարել է, որ հուլիսին կհրաժարվի դիվիդենտների վճարումից՝ խնայելով մինչև 1,6 մլրդ դոլար, ինչպես նաև 900 մլն դոլարով կկրճատի կապիտալ ծախսերը:
Ընկերությունը մեծ կորուստներ է կրել սպորտային հեռարձակումների դադարեցման և գովազդային մուտքերի անկման պատճառով:
Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտնել է, որ Շանհայում իր թեմատիկ այգին կբացվի մայիսի 11-ին։ Նախքան այգի մուտք գործելը ջերմաչափում կիրականացվի։