ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ազդեցիկ սենատորները պետքարտուղար Մայք Պոմպեոյից և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ ամերիկյան ընտրություններին Մոսկվային վերագրվող «միջամտության» համար, հայտնում է Axios լրատվական պորտալը:
Տեղեկությունների համաձայն` նամակը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան անդամներ Չակ Շումերը, Ռոբերտ Մենենդեսը և Շերրոդ Բրաունը:
Օրենսդիրները հիմնականում Պոմպեոյին և Մնուչինին կոչ են արել «ընտրություններին շարունակական միջամտության համար պատասխանատու անձանց, այդ թվում՝ Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել»:
Վերջիններիս կարծիքով` գերատեսչությունների ղեկավարների կողմից ցանկացած այլ քայլ կնշանակի, որ նրանք հրաժարվում են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիքից և ընտրական գործընթացների ամբողջականությունը պաշտպանելու» պատասխանատվությունից:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ ասել է, որ Մոսկվան մեծ ափսոսանքով կանխատեսում է, որ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ–ում կայանալիք նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ այդ երկրում ավելի կշատանան Ռուսաստանի դեմ հնչող միջամտության մեղադրանքները: Նա ընգծել է, որ նման մեղադրանքները ճշմարտության հետ որևէ առնչություն չունեն: