Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ԱԺ-ն արդարացի քայլի է գնացել՝ արագ կազմավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
«ԱԺ-ն քաղաքական ճիշտ որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովի ձևավորումը գերակայում էր։ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել։ Որոշակի առումով ավելացել է ֆինանսական տվյալների մատչելիությունը»,- ասաց նա և նշեց, որ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը, սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը։
Ի պատասխան հնչեցված հարցին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ ոչ միայն դատական համակարգում, այլ նաև իրավական համակարգում էլ քրեական ենթամշակույթը բացառելու համար պետությունը բոլոր ուղղություններով միասնական քաղաքականություն է վարելու:
«Պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Քրեական օրենսգրքում քրեական նոր պատասխանատվության տեսակներ են ավելացվել։ Տարբեր նախարարությունների ռազմավարություններում կլինեն միջոցառումներ, որոնք ավելի շատ կունենան կրթական, մշակութային բնույթ։ Սա երկարատև պայքար է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից 25-ի իջեցնելուն, ապա Ռուստամ Բադասյանն ասաց. «Տարիքի իջեցման հետ կապված սա Կառավարության սկզբունքային որոշում է, որն ավելի շատ քաղաքական նաև քայլ է, որպեսզի այն անձինք, որոնք ուզում են դատական համակարգում ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, այդ հնարավորությունն ունենան: Դրանով էական որևէ բան չի փոխվում, հիմա 28 տարեկանը պատկերացրեք և 25 տարեկանի հավակնորդը, այսինքն՝ գրեթե դեպք չենք ունենալու, որ 25 տարեկանում դատավոր է նշանակվելու»,-ասաց նա: