ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանները, ՀՔԾ հարցաքննության են հրավիրվել՝ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործի վերաբերյալ որպես վկա ցուցմունք տալու:
Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն ու եղբայրը հրաժարվել են ցուցմունք տալուց: «Ես և եղբայրս ցուցմունք, վկայություն չենք տվել, քանի որ մենք բազմիցս արտահայտել ենք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը՝ պետից սկսած, քանի անգամ անմեղության կանխավարկած են խախտել, մնացած բոլոր գործերը, որ անում են: Մի խոսքով, նպատակահարմար չենք համարել»,- ասաց նա:
Լևոն Քոչարյանը նշեց, որ իրենց այնտեղ գտնվելը տևել է ընդամենը 20 րոպե: «Ցուցմունք տալուց հրաժարվելու ձևակերպումներն արվել են և վերջ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորված է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: