Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը բարելավվում է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով Ցոտնեի եղբորը` Կոնստանտին Գամսախուրդիային:
Կոնստանտինը նշել է, որ եղբայրը արդեն գիտակցության է եկել, և չնայած դժվար իրավիճակին, կա որոշակի առաջընթաց:
«Բուժումը գտնվում է ակտիվ փուլում, և մոտակա ժամանակներս սպասվում է վերականգնողական կուրսի սկիզբը: Ամենակարևորն այն է, որ իրավիճակը վերահսկվում է, և դա արդեն առաջընթաց է: Մենք գնացինք Ցոտնեի պալատ, նրա աչքերը բաց էին, նայում էր մեզ, բայց չէր կարողանում խոսել: Երբ ես նրա ձեռքը սեղմեցի, նա էլ իմ ձեռքը սեղմեց: Շատ շնորհակալ եմ Վրաստանի կառավարությանը, որը չնահանջեց այս հարցում»,-ասել է Կոնստանտին Գամսախուրդիան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, դեկտեմբերին Թբիլիսիի կենտրոնական թաղամասում անհայտ անձինք վիրավորել են Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն: Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանության փորձ» հոդվածով, որով նախատեսվում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: