Այսօր` փետրվարի 25-ին մահացել է ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Ծանր հիվանդությունից հետո փետրվարի 25-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային միության մարշալ Դմիտրի Տիմոֆեյի Յազովը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին` դաշնային զինվորական գերեզմանոցում:
Յազովը ԽՍՀՄ վերջին ռազմական գործիչներից էր, ում շնորհվել էր մարշալի կոչում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին կատարած սխրանքների համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: 1987-1991 թթ. զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա պաշտոնավարման տարիներին մեծ աշխատանք է տարվել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ինչպես նաև Աֆղանստանի տարածքից զորքերի կազմակերպված դուրսբերման ուղղությամբ:
Յազովը ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 8-ին Օմսկի շրջանի Յազով գյուղում` գյուղացու ընտանիքում: 1942 թվականին ռազմական ուսումնարանը ավարտելուց հետո մեկնել է ծառայության: 1942 թվականի հունիսից մինչև 1945-ի մայիսը ծառայել է Վոլխովի և Լենինգրադի ճակատներում` որպես դասակի հրամանատար: Պատերազմից հետո շարունակել է ռազմական կարիերան, անցել է ռազմական ուղի` վաշտի հրամանատարից մինչև բանակի հրամանատար: 1970-ականներին ղեկավարել է պաշտպանության նախարարության գլխավոր կադրերի ղեկավարման վարչությունը, ապա դարձել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ:
1979 թվականի հունվարից Յազովը զբաղեցրել է Կենտրոնական զորախմբերի հրամանատարի պաշտոնը, 1979 թվականի փետրվարից եղել է ԽՍՀՄ կառավարության լիազորված անձը` Խորհրդային զորքերի` Չեխոսլովակիա ժամանման գործերով:
1980-1984 թվականներին Միջինասիական օկրուգի զորքերի հրամանատարն է եղել, 1984-1987 թվականներին` Հեռավորարևելյան օկրուգի զորքերի հրամանատարը: 1987 թվականի հունվարից մինչև մայիս զբաղեցրել է կադրերի գծով ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, համատեղելով այն նաև կադրերի գլխավոր վարչության պետի պաշտոնի հետ, հետո արդեն զբաղեցրել է նախարարի պաշտոնը: