ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն աֆղանստանցիներին կոչ է արել օգտվել թալիբների հետ զինադադարից՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար, գրում է swissinfo-ն:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ տասնամյակներ տևած հակամարտությունից և թալիբների հետ բանակցություններից հետո Աֆղանստանում բռնության մակարդակը զգալիորեն կրճատվել է:
«Սա կարևոր քայլ է դեպի խաղաղության տանող երկար ճանապարհին, և ես կոչ եմ անում բոլոր աֆղանստանցիներին օգտվել այդ հնարավորությունից»,-հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ուրբաթ Կատարում «Թալիբան» իսլամիստական շարժման խոսնակ Սուհաիլ Շահինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և թալիբների միջև համաձայնագիրը կստորագրվի Դոհայում` փետրվարի 29-ին: Ըստ նրա` փաստաթուղթը կստորագրվի մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ:
«Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության համաձայն՝ բոլոր արտաքին ուժերը դուրս կբերվեն Աֆղանստանից, և շրջափակումը կավարտվի: Ոչ մեկին չի թույլատրվի Աֆղանստանը ուրիշների դեմ օգտագործել: Մենք երախտապարտ ենք Կատարին և այլ երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս գործընթացում»,-ասել է Թալիբանի ներկայացուցիչը: