Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Այս մասին տեղեկացնում է trthaber.com կայքը` հղում անելով Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությանը:
Նախարարությունից տեղեկացրել են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած խորհրդի նիստը տեղի է ունենալու Բաքվում, դրան մասնակցելու են երկու երկրների կառավարության անդամները:
Խորհրդի նիստում քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու համագործակցության խորացման հնարավորությունները:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում: