ԱՄՆ կառավարությունը ցանկանում է, որ Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Գանին, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, հետաձգի իր երդմնակալությունը, քանի որ դա կարող է խանգարել երկրում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին գրում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին:
Աղբյուրը հայտնում է՝ Վաշինգտոնը ենթադրում է, որ Գանիի երդմնակալությունը կարող է մեծացնել տարաձայնությունները քաղաքական ընդդիմախոսների հետ, ովքեր չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները: Դա կարող է սպառնալ Աֆղանստանի կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու և Թալիբների հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ԱՄՆ-ի ջանքերին:
Փետրվարի 18-ին Աշրաֆ Գանին պաշտոնապես ճանաչվել էր Աֆղանստանի նախագահական ընտրությունների հաղթող: Նա ստացել էր ձայների 50,64 տոկոսը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնն ու «Թալիբան»-ը շուտով կարող են հայտարարել պայմանավորվածությունների մասին և ասել էր, որ «ԱՄՆ-ն ցանկանում է իր զինվորականներին Աֆղանստանից տուն վերադարձնել»: