Թուրքական դատարանը թույլատրել է ձերբակալել փետրվարի սկզբին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուներից մեկին: Վայրէջքից հետո օդանավը երեք մասին էր բաժանվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Նշվում է, որ ձերբակալվել է Մահմուդ Արսալանը, որը մեղադրվում է անզգուշության հետևանքով մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու համար, որն էլ մարդկանց մահվան պատճառ է հանդիսացել:
Հիշեցնենք, որ Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը երեք մասի էր բաժանվել և բռնկվել էր: Օդանավի 171 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամներ տարհանվել էին: Մահացել էր 3 մարդ, կար շուրջ 50 տուժող: Ինքնաթիռը թռիչքն իրականացրել էր Իզմիրից: