Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը երկուշաբթի հայտարարել է Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնման մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, առաջին չվերթը մայրաքաղաք Դամասկոսից նախատեսված է իրականացնել չորեքշաբթի:
Նախարարության հայտարարության համաձայն` առաջիկա օրերին նախատեսվում է կանոնավոր չվերթներ կազմակերպել դեպի Դամասկոս և Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:
Հալեպի օդանավակայանը 2013թ. դադարել էր կանոնավոր չվերթներ ընդունելուց՝ պայմանավորված օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցող ռազմական գործողություններով: Հալեպի և Դամասկոսի միջև տարածությունը կազմում է 370 կմ, որն ինքնաթիռները նախքան սիրիական ճգնաժամի բռնկումը հաղթահարում էին 50 րոպեում:
Այժմ օդանավակայանն աշխատելու է սիրիական բանակի հատուկ գործողությունների շնորհիվ. կիրակի բանակայինները լիակատար վերահսկողություն են հաստատել Հալեպի մերձակա բոլոր բնակավայրերում: 2012-ից ի վեր առաջին անգամ է կառավարական ուժերին հաջողվում նման առաջընթաց գրանցել: