Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի ունեցավ պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մյունխենում տեղի ունեցած իրադարձության ժանրն այնպիսին էր, որ կողմերին դիրքորոշում արտահայտելու համար տրված ժամանակը սահմանափակ էր, հետևաբար, այդ ամեն ինչից կատարելության սպասելը ճիշտ չէր լինի: Սա բանակցություն չէր և սրանով ոչինչ չէր որոշվում, ուղղակի այս իրադարձության միջոցով կողմերին հնարավորություն էր տրված, որպեսզի ամեն մեկն իր դիրքորոշումը հայտնի, հիմնավորի սեփական դիրքորոշումը , նաև դիմացինի դիրքորոշումը ինչ-որ չափով վիճարկի , եթե իհարկե դրա անհրաժեշտությունը տեսնում էր:
Փաշինյանն այն ամենից ինչից խոսեց, առաջնահերթ էր և կարևոր: Նա խոսեց այնքան, ինչքան հնարավոր էր խոսել 45 րոպեի ընթացքում, որովհետև այն ինչ առաջնահերթ էր և կարևոր միայն դրա շարադրանքը կտևեր մի քանի օր: Ղարաբաղյան կոնֆլիկտը հենց նրանով է բարդ, որ առկա են բազմաթիվ և առաջնահերթ նշանակության խնդիրներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Քաղաքագետը ընդգծում է, որ բանակցությունների սեղանի շուրջ երկու կողմերն էլ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, յուրովի են պատրաստված և պատրաստ են սեփական դիրքորոշումը առաջ տանելուն և դա էլ անում են բանակցությունների ժամանակ:
Հարցին քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր ագրեսիվ հռետորաբանությունից, Հայաստանի և Արցախի հետ խոսելու իր վերջնագրային մեթոդներից, ինչքանո՞վ է հնարավոր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթաց իրականացնել, Մեհրաբյանը պատասխանեց.
«Հրապարակային բանավեճը կարևոր էր նաև նրանով, որ հետևություններ անելու նյութ է հանդիսացել, և մենք հասկացանք, որ հակառակ կողմը զբաղված է միայն կացինը սրելով, հարմար պահի սպասելով, թե երբ է օգտագործելու այդ սրած կացինը և ամենակարևորը՝ մենք տեսանք, որ այն ինչ Ադրբեջանի համար տարածք է, իսկ Հայաստանի համար անվտանգություն է, Հայաստանն իր անվտանգությունը զիջելու միտք էլ չունի: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գիշերվա ընթացքում ներկայացրեց 6 թեզ և այն կոչեց «Մյունխենյան սկզբունքներ» . սա նշանակում է, որ հայկական կողմը պարզապես «Մադրիդյան սկզբունքներ»-ում դրված փիլիսոփայությունն է մերժում: Դրա հիմքը 2016 թ ապրիլյան պատերազմն էր: Փաշինյանը շարադրված սկզբունքների վերջին կետով նշում է, որ եթե ոմանք համարում են , որ գոյություն ունի ռազմական լուծում, ապա ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ հարցը վաղուց լուծված է»:
Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ձեւաչափին, Մեհրաբյանը նշեց.
«Բանակցությունն ու հանրային միջոցառումը չի կարելի շփոթել իրար հետ, մանավանդ, երբ կողմերին հնարավորություն էր տրվում խոսել իրենց մոտեցումների մասին: Հայկական կողմը օգտվեց իրեն տրված հնարավորությունից և արտահայտեց իր մոտեցումները: Ես կարծում եմ, որ այստեղ որևէ սխալ մոտեցում չկա, ուղղակի մեր սպասելիքները պետք է համապատասխանեցնենք իրականության հետ: Այսինքն, այդ հրապարակային միջոցառումները նախատեսված չեն, որպեսզի դրանք ինչ-որ բանակցային հարց լուծեն»:
Պանելային քննարկմանը հաջորդեցին քննադատությունները: Շատերը սկսեցին խոսել երկու երկրների ղեկավարների պատրաստվածության, պատմական փաստերը յուրովի մեկնաբանելու, դրանց չտիրապետելու մասին: Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ եղան գնահատականներ, որ բազմաթիվ հարցերում նա կարող էր այլ կերպ հակադարձել՝ ավելի դիպուկ եւ ճշգրիտ:
«Նորմալ են բոլոր քննադատությունները, որովհետև որոշ գործիչներ էլ հայտնվեցին ադրբեջանական պրոպագանդայի կենտրոնում: Այս ամենն ինձ հիշեցնում է ֆուտբոլի երկրպագուներին, որոնք ֆուտբոլային խաղը պոստֆակտում քննարկում և հայտարարում են, թե ինչ կանեին, եթե իրենք լինեին ինչ-որ թիմի հարձակվողի կամ դարպասապահի փոխարեն, այսինքն՝ բոլորն իրենց հերոս են համարում՝ մարտին կողքից նայելով»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Անահիտ Չալիկյան
The post «Հակառակ կողմը զբաղված է կացինը սրելով եւ հարմար պահի սպասելով, թե երբ է օգտագործելու այն». Ռուբեն Մեհրաբյան appeared first on ԳԱԼԱ.