Մաֆիայի ամենահայտնի պարագլուխներից մեկը համարվող Ալ Կապոնեին պատկանող «Կադիլակ» մակնիշի զրահապատ մեքենան վաճառքի է հանվել. նմուշի նախնական գինը 1 մլն դոլար է, հայտնում է luxurylaunches.com կայքը:
Համարվելով աշխարհում ստեղծված ամենաառաջին զրահապատ մեքենաներից մեկը` այն գրեթե երկուսուկես սանտիմետր հաստությամբ ապակի ունի, որը զուգակցվում է մոտ 4000 դոլար արժողությամբ զրահապաշտպան թաղանթով:
Մեքենան պատկանում է 341-A դասին, ունի 90 ձիաուժ հզորությամբ V8 տեսակի շարժիչ: Նրբաճաշակ մեքենան ներկված է մուգ կանաչ գույնով և այն ժամանկների համար հազվադեպ հանդիպող հետևի պատուհան ունի, որը հատուկ ստեղծված է հանկարծակի հարձաման ժամանակ արագ դուրս թռչելու և «հետևում նստողներին պատասխան կրակ բացելու» հնարավորություն տալու համար:
Նշվում է, որ վաճառքի հանված մեքենան Ալ Կապոնեն Չիկագոյում է գնել: Այն մի քանի տերեր է ունեցել, անգամ ցուցադրվել է Նիագարայի հնագույն մեքենաների և մի շարք այլ թանգարաններում:
Մեքենան այժմ ներառվել է աշխարհում հայտնի ավտոմոբիլների շարքում և կարող է ձեռք բերվել 1 միլիոն դոլարի դիմաց: