Մեր երկրում լուր արտադրողը փոխվել է. այլևս լրագրողը չէ, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չէ, որ լուր է արտադրում: Մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ եթեր-իրականության, որը մեզ հրամցնում են երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը:
Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ նշելով, թե լրագրողներն այդ ամենում դարձել են անիմաստ միջնորդ-օղակ, որովհետև հասարակությունը սպառում է հենց առաջին ձեռքից:
«Մի կարևոր բան կա՝ ՀՀ-ում վերջին երկու տարիներին ժողովրդավարության, թափանցիկության, կառավարության և իշխանության հասանելիության, հասարակությանը հաշվետվողականության օրենքն է ոտնահարվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այն բարձիթողի վիճակում է»,-ասաց Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ հարկատուները վճարում են, որ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրի տեղեկատվություն երկրի բարձրաստիճան պաշտոնյանի գործուղումների մասին, մինչդեռ դրանց մասին ավելի հաճախ հայտնում են ֆեյսբուքյան գրառումների և ուղիղ եթերների տեսքով. «Վարչապետի ֆեյսբուքյան էջն ինձ համար հիմք չէ: Կարող է ուղիղ եթերը կանգնել, խմբագրվել, ինչպես հաճախ է, լինում: Ես՝ որպես քաղաքացի, պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն, որը չեմ ստանում»:
Մանուկյանը տեսակետ հայտնեց նաև, թե հեռուստաընկերությունը մնացած լրատվամիջոցների հետ համեմատությամբ անհավասար վիճակում է հայտնվել: «Օրինակ՝ ինտերնետային հեռուստաալիքի լրատվությունը կարող է լինել բոլոր օրենքները շրջանցող, հեռուստաընկերությունը՝ ոչ»,-նշեց նա:
Անդրադառնալով իշխանություն-լրատվամիջոցներ հարաբերութուններին՝ Մանուկյանն ասաց, թե ժամանակները փոխվել են, ձևերը՝ մնացել նույնը:
«2015, թե 2016 թվականին Սերժ Սարգսյանն ասաց, թե երկու հեռուստաընկերության եթերից գաղջ մթնոլորտ է լցվում, և հասարակությունը հիասթափված արտագաղթում է: 2020 թ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռուստաընկերություններից մեկի եթերում հակապետական քարոզչություն է՝ չհստակեցնելով՝ որի: Պարբերաբար այդ խոսակցությունները լինում են, այսինքն՝ լրատվամիջոցը, որն իշխանությանը ոչ հաճո տեղեկություն է հրապարակում, իշխանության «աչքի փուշն» է՝ կախված, թե ով ինչպես է պայքարում այդ լրատվամիջոցների դեմ»,-ասաց նա:
Վերջինս նշեց նաև՝ երկրում բանական, ուղեղ ունեցող մարդու փոխարեն ստեղծվում է արհեստական համակարգչային մարդ, որը շատ հաճախ ղեկավարվում է իշխանության կողմից. «Մենք պարտվում ենք որպես հասարակություն»,-ամփոփեց Գեղամ Մանուկյանը: