Հոնկոնգում ընտանիքի 9 անդամները նոր տեսակի կորոնավիրուսով են վարակվել այն բանից հետո, երբ անցյալ ամիս ռեստորանում օգտվել են տաք, շոգեխաշված ուտեստից, հայտնում է The Epoch Times-ը:
Կիրակի Հոնկոնգի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ ընտանիքը ռեստորան է այցելել հունվարի վերջին: 24-ամյա երիտասարդը և իր 91-ամյա տատը առաջինն են կորոնավիրուսով վարակվել, հետո երիտասարդի ծնողները, զարմիկներն ու մորաքույրները:
«9 հոգանոց ընտանիքը ռեստորանում մասնակցել է 19 հոգանոց հավաքույթի: Նրանք օգտվել են մի ուտեստից, որը պատրաստվելիս է եղել չինական մեթոդով. մարդիկ եռացող արգանակով կաթսայի մեջ են ավելացրել միս, բանջարեղեն և այլ բաղադրիչներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հոնկոնգի առողջապահության ներկայացուցիչ Չժուան Շուք Քվանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ ուտեստից օգտված մարդկանց մեծամասնության մոտ որևէ, նույնիսկ չնչին ախտանշան չի եղել: Ներկայացուցիչը առաջարկել է կրճատել նման հավաքույթները: Եթե դրանք խիստ անհրաժեշտ են, ապա կրճատել միասին անցկացնելիք ժամանակը: Նա նաև հորդորել է մեկը մյուսի հետ չփոխանակվել փայտիկներով: