Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այդ ծրագրերն ավելի շատ հնչեղություն են պարունակում, քան՝ փաստացի որևէ հարցի լուծում․ Հակոբ Հակոբյանը՝ արցախահայության խնդիրների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– Պարո՛ն Հակոբյան, Կառավարությունը «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկում է կազմակերպել ընդլայնված կազմով, մասնակցության հրավեր ստացե՞լ եք, տեղյա՞կ եք, թե արցախահայության ի՞նչ ներկայացվածություն կար քննարկմանը:

– Անկեղծ ասած, այդ մասին որևէ տեղեկություն չենք ունեցել ու միայն լրատվականներից ենք տեղեկացել այդ մասին, համենայնդեպս, այն կազմակերպությունները, որոնց հետ մենք համագործակցում ենք կամ շփումներ ունենք, նրանք ևս նման տեղեկություն չեն ունեցել, ու դա զարմանալի չէ: Բնական է, որ այդ քննարկմանը չէին կարող մասնակցել այնպիսի կազմակերպություններ կամ Արցախից բռնագաղթած անձինք, որոնց համար Արցախի հարցը փակ չէ, հետևաբար բնական է, որ մենք այդ հանդիպմանը չենք մասնակցել, առավելևս, տեղյակ էլ չենք եղել:

– Քննարկման ժամանակ պատկան գերատեսչությունները ներկայացնում էին տվյալներ, թե ի՛նչ արդյունք են տվել այն բոլոր ծրագրերը, որոնք միտված էին արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն: Մշտապես շփումների մեջ եք արցախահայության հետ, դուք որքա՞ն կգնահատեք այդ ծրագրերի շոշափելի արդյունքը:

– Այդ ծրագրերն ավելի շատ հնչեղություն են պարունակում, քան՝ փաստացի որևէ հարցի լուծում, որովհետև ցանկացած սոցիալական բնույթի ծրագիր համարվում է հաջողված ու ավարտված միայն այն դեպքում, երբ դրա շահառուներ այլևս չեն լինում: Եթե այս իշխանությանը թվում է, թե դրամական այն օգնությունը, որը տալիս էին արցախահայությանը, կարող են ավարտել, որովհետև արցախահայությունը այլևս չունի դրամական խնդիր, սխալվում են: Եթե կարծում են, որ այնպիսի բնակարանային ծրագիր են ներդրել, որը հնարավոր է որպես այդպիսին իրականացնել, ապա այստեղ ևս սխալվում են, որովհետև այն ծրագիրը, որը մենք կարդում ենք Կառավարության որոշման տեսքով, շատ գեղեցիկ ու հիանալի ծրագիր է, բայց երբ արցախահայությունը փորձում է այդ ծրագիրն իրականացնել, յուրաքանչյուր ընտանիք իր համար բախվում է խնդրի: 

Եթե տրված հավաստագրով քո գումարն ավելի քիչ է, քան այն բնակարանը, որը ցանկանում ես ձեռք բերել, իսկ որպես կանոն այդպես է, ապա քաղաքացին պետք է վարկավորման խնդրով դիմի բանկերին, իսկ բանկերը՝ սկսած աշխատանքային պատմությունից, վերջացրած լրացուցիչ գրավի պահանջ են ներկայացնում այն մարդկանց, որոնք թողել են ամեն ինչ Արցախում, եկել են ու նույնիսկ աշխատանք չունեն, որպեսզի աշխատեն: 

Հարց այս իշխանություններին. որտեղի՞ց այս մարդկանց լրացուցիչ գրավի առարկա, որտեղի՞ց աշխատանքային ստաժ, վարկային պատմություն և այլն, որ նրանք կարողանան վարկ վերցնել: Ցանկացած ծրագիր՝ սկսած այդ դրամական օգնություններից, վերջացրած սոցիալ-հոգեբանական տարատեսակ աջակցության ծրագրերով, որոնց մասին իրենք խոսում են, դրանք բոլորն ուղղակի ներկայացնելու համար են, իսկ հողի վրա դրանք որևէ խնդիր չեն լուծել: Դրա վառ ապացույցն այն է, որ բոլոր այդ ծրագրերի շահառուները շարունակում են մնալ կարիքի մեջ: Սա թաքցնելով չէ, իրենք կարող են ուղղակի տեսնել, թե 30 հազար ընտանիքից քանի՞սն են կարողացել բնակարան ձեռք բերել այդ ծրագրերի միջոցով, նրանք կարող են տեսնել, թե 150 հազար բռնի տեղահանված արցախահայությունից քանի՛սն ունեն աշխատանք և այլն: 

Դա բացատրել նրանով, որ արցախահայությունը չի ուզում աշխատել, ուղղակի աբսուրդի ժանրից է, որովհետև արցախահայությունը միշտ սովոր է իր ապրուստը վաստակել սեփական քրտինքով ու աշխատանքով: Արցախահայության հետ ունեցած մեր հանդիպումների ժամանակ, որոնք վերջերս հաճախակի են, մասնակիցների 98%-ը նշում է, որ ունի բնակարանային խնդիր, իսկ 80%-ից ավելին նշում է աշխատանքային խնդրի մասին: 

 – «Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ». սա Նիկոլ Փաշինյանի միտքն է, որն արտահայտել է այդ քննարկման ժամանակ: Բնական է, որ սա բխում է օրվա իշխանության արտաքին քաղաքականության էությունից, պարո՛ն Հակոբյան, բայց արցախահայությունն իսկապե՞ս փնտրտուքի մեջ է, թե որտեղ ապրի: Կկարողանա՞ գործող իշխանությունն ապահովել արցախահայության բարեկեցիկ կյանքը:

– Եթե այս իշխանությունն իր ասածներն իրականացնելու իսկապես ցանկություն ունենար, ապա մենք այլ պատկեր կունենայինք: Վստահաբար ասում եմ, որ արցախահայությունը Հայաստանում պալատներ կամ շքեղ կյանք չի ցանկանում, այլ՝ արժանապատիվ ապրելու հնարավորություն, մինչև կկարողանա վերադառնալ իր հայրենիք: Եթե արցախցիներն ուզում են ինչ-որ տեղ գնալ, ապա դա միայն ու միայն իրենց հայրենի Արցախն է, մյուս բոլոր ձևակերպումներն իրականությունից կտրված են: 

Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ եթե Հայաստանում արցախահայության համար ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ նրանք չեն կարողանում օրվա հացը վաստակել ու հոգալ իրենց երեխաների կարիքները ու այս պահին չունեն հնարավորություն վերադառնալ Արցախ, բնական է, որ փնտրելու են տեղ, որտեղ կարող են իր կենսական հարցերը լուծել: Ես չեմ կարծում, թե այս իշխանությունը այդքան մեծ խանդավառություն ունի արցախցիներին՝ ՀՀ քաղաքացի դարձնելու գործընթացում, հակառակ դեպքում քաղաքացիության հարցն արհեստականորեն այսքան չէին բարդացնի: 

Արցախահայությունն ի՞նչ է ասում, ասում է, որ 30 տարի շարունակ ունեցել է կապույտ անձնագիր ու համարվել ՀՀ քաղաքացի, այս իշխանություններից ուղղակի անհրաժեշտ էր մեկ որոշում, որով կհավաստեին, որ Արցախում գտնվող ազգությամբ հայ 150 հազար անձինք ՀՀ քաղաքացի են: Եթե ինչ-որ փաստաթղթեր էլ պակասում էին, ապա դրանք պետք էր վերականգնել, այլ ոչ թե սա դարձնել պատմություն, որ մարդիկ ամիսներով գրանցվեն, հերթեր են կուտակվում, չգիտես թե ինչ պատմություններ են առաջանում ծննդյան վկայականների, զինվորական գրքույկների հետ: Նույնիսկ դա, որ իշխանությունը ներկայացնում է, թե արցախցին կարող է գնալ ու դառնալ ՀՀ քաղաքացի, փաստացի խոսում է մի գործընթացի մասին, որը հողի վրա տևում է 6-8 ամիս: Ամենը ներկայացնում են ուղղակի ներկայացնելու համար:

– Պարո՛ն Հակոբյան, իսկ ինչո՞ւ այս իշխանությունը շահագրգիռ չէ, որ արցախահայությունը Հայաստանում մնա, ինչպես ասում եք: 

– Փակելով Արցախի հարցը՝ այս իշխանությունները նաև խնդիր ունեն որքան հնարավոր է Հայաստանում թողնել քիչ մարդ, որ միգուցե խոսի Արցախի, Արցախի մշակույթի և այլնի մասին: Արցախի մասին հիշեցնող որևէ բան չպետք է լինի, ուստի չեմ կարծում, որ այս իշխանություններն այդքան մեծ ցանկություն ունեն, որ որքան հնարավոր է շատ արցախցի մնա Հայաստանում:

– Այդ դեպքում այս քննարկման նպատակը ո՞րն էր, եթե իշխանությունը տրամադրված է այնպես, ինչպես դուք կարծում եք:

– Չենք մոռանում, որ առջևում հունիսի 7 կա, ու մեր հայրենակիցներից ոմանք ունեն ընտրելու իրավունք: Իրենց այն շրջագայությունների տրամաբանությունը որ կա, նույն տրամաբանության մեջ էլ տեղավորվում է այս քննարկման կազմակերպումը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այդ ծրագրերն ավելի շատ հնչեղություն են պարունակում, քան՝ փաստացի որևէ հարցի լուծում․ Հակոբ Հակոբյանը՝ արցախահայության խնդիրների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus