Կշարունակենք ամեն ինչ անել Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանը ուշադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ և շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը, որը դժգոհել էր, որ Հայաստանի իշխանությունները թույլ էին տվել ցույց անցկացնել ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց։
«Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և արել ենք ու շարունակելու ենք անել ամեն ինչ՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում երբեք որևէ հանրահավաք չի արգելվել, և մենք չէինք կարող որևէ առանձին դեպքում նման որոշում կայացնել։ Այո, մենք կիսում ենք այն մոտեցումը, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ դեսպանատան բնականոն աշխատանքը։ Մենք ուշադիր կհետևենք իրավիճակին, այդ թվում՝ դրա շուրջ առկա մտահոգություններին, և կգործենք մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում», ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ արտահայտման ազատության ձևերը չպետք է խաթարեն որևէ դեսպանատան, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան բնականոն գործունեությունը։
«Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ Իսկ այն անձանց նկատմամբ, որոնք կանցնեն օրենքի սահմանը, կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ արդեն մի քանի դեպքերով վարչական վարույթներ են հարուցվել»,- ընդգծեց Փաշինյանը։
The post Կշարունակենք ամեն ինչ անել Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.