ԵՄ-ում քննարկվում է Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը. Politico
Եվրամիությունը կարող է քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Վաշինգտոնի հնարավոր քայլերին հակազդելու նպատակով։ Այս մասին գրում է Politico-ն։
«Եվրոպական երկրներին անհրաժեշտ է քննարկել Գրենլանդիայում զորքեր տեղակայելու հնարավորությունը, եթե Դանիան նման խնդրանք ներկայացնի»,- հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ անանուն դիվանագետի խոսքերը։
Politico-ի գնահատմամբ՝ նման ուժերը կարող են հանդես գալ որպես զսպող գործոն։
Հունվարի 6-ին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները չի նախատեսում ներխուժել կղզի։
Տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել էր Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, որ կղզին ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը արձագանքել էր ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժան մասն է և կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։
Նշվում է նաև, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, քայլ, որը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։
The post ԵՄ-ում քննարկվում է Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը. Politico first appeared on MediaLab Newsroom-Laboratory.