ԱՄՆ-ն քննարկում է Գրենլանդիային տիրանալու տարբերակները, այդ թվում՝ ռազմական ճանապարհով. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնել են Սպիտակ տնից։Սպիտակ տունը BBC-ին տեղեկացրել է, որ Գրենլանդիայի ձեռք բերումը դիտարկվում է որպես «ազգային անվտանգության առաջնահերթություն»։
«Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքական նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի կիրառումը միշտ էլ գտնվում է գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունների շրջանակում»,- BBC-ին հայտնել են Սպիտակ տնից։
Այս հայտարարությունից առաջ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Դանիան հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կազմում գտնվող կիսաինքնավար տարածք Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունում ընդգծվել է, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հավաքական ջանքերով, այդ թվում՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան անհրաժեշտ է ԱՄՆ-ին ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ինչից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած հարձակում կարող է նշանակել ՆԱՏՕ-ի վերջը։
The post ԱՄՆ-ն քննարկում է Գրենլանդիային տիրանալու տարբերակները, այդ թվում՝ ռազմական ճանապարհով. Սպիտակ տուն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.