Նիկոլ Փաշինյանը վետո է դնում ինքն իր վրա
Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը անսպասելիորեն որոշեց սաստել… ինքն իրեն։ Հուլիսի 1-ից մինչև հուլիսի 5-ը նա առաջարկում է հանրային համաձայնությամբ դադարեցնել հայհոյանքները, վիրավորանքները և «հիբրիդային թիրախավորումը»։ Իսկ մինչ այդ՝ անձամբ վետո է դնում իր բառապաշարի վրա։
Վարչապետը հռչակում է իր հերթական աննախադեպ ռեֆորմը՝ հայհոյանքների ինքնակասեցում։
Նա որոշել է հինգ օր չօգտագործել՝ գործակալ, սրբապիղծ, դավաճան, ավանակ, թլպատած, լմնցնել և նմանատիպ այլ բառեր։
Ենթադրվում է՝ Աննա Հակոբյանն էլ կդադարեցնի էշ, ոջիլ, մեռելի զդաչի, ինտելեկտուալ ղզիկներ, անդաստիարակ և նմանատիպ արտահայտությունների գործածումը։
Իսկ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, այս օրերին ոչ մեկին իր մարմնի որևէ մաս ցույց տալու առաջարկ չի անի՝ բացառությամբ խաղաղությամբ լի իր աչքերի։
Բայց ինչո՞վ է պայմանավորված այս բարոյական քայլը։ Չէ՞ որ նույնիսկ այն դեպքում, երբ թլպատված լինելու վերաբերյալ նրա գրառումը դարձավ միջազգային մամուլի վերնագրեր՝ հայտնվելով Euronews-ում, New York Post-ում և այլուր, վարչապետը շարունակում էր նույն տոնով։
Ո՛չ հասարակական վրդովմունքը, ո՛չ լրատվամիջոցների քննադատությունը, ո՛չ էլ միջազգային վերնագրերը նրան չէին կանգնեցնում: Շաբաթներ շարունակ ամբողջ Հայաստանը, բացառությամբ հատուկենտ ՔՊ-ականների, ճչում էր՝ սա երկրի ղեկավարի խոսք չէ, և նույնիսկ ՔՊ բազմաթիվ պատգամավորներ ու նախարարներ ձեռնպահ էին մնում Փաշինյանի հայհոյախառն գրառումները հավանելուց և տարածելուց։
Պարզվեց՝ Facebook-ը ջնջել է վարչապետի վերջին գրառումներից մեկը, և այդ մեկ դրվագը բավարար էր, որ Փաշինյանը ակնթարթորեն հայտարարեր հարգալից խոսքին անցնելու մասին։
Պատկերացնել կարելի է, որ ոչ թե գրառումը ջնջեին, այլ Փաշինյանի անձնական էջը՝ մեկ միլիոնից ավելի հետևորդով։
Իրականում Փաշինյանը վախենում է Facebook-ի պատժամիջոցից և ոչ թե ընդդիմության պատասխաններից կամ մամուլի քննադատությունից, որովհետև այդ դեպքում իշխանությունը կորցնում է իր գլխավոր զենքը՝ Facebook-ը։
Վարչապետը, որ մի քանի օր առաջ հայհոյախոսության սեզոնը բացեց «դոմփելու» հանրային գրառումով, հանկարծ բոլորին հորդորում է լինել քաղաքակիրթ, հարգալից, փաստերի վրա հիմնված։
Ինչ խոսք տխուր է, որ մի ամբողջ Հայաստան շաբաթներով գոռում էր, որ սա վարչապետի խոսք չէ, որ խայտառակվում ենք ամբողջ աշխարհում, սակայն ամերիկյան մի ընկերություն մի վայրկյանում գծեց այն կարմիր գիծը, որից այն կողմ չի թույլատրվում։
Եվ Փաշինյանն անմիջապես ենթարկվեց դրան՝ վերածվելով խաղաղության խաչմերուկի աղավնու։
Մարի Ներսեսյան
MediaLab.am
The post Նիկոլ Փաշինյանը վետո է դնում ինքն իր վրա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.