Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։
«Հերթական այցի ժամանակ, երբ գտնվում էի Չինաստանում ու տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է»,– նշել է տիկին Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։
«Հենց այս փորձառությունից տպավորված էլ՝ Աննա Հակոբյանը անցյալ տարի նախաձեռնեց «Կրթվելը նորաձև է» շարժումը, որն այս պահին արդեն ընդգրկում է մոտ 8000 մասնակից, և հասցրել է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի 19 համայնքներում։ Շարժման նպատակը անդադար կրթվելը (life-long learning) մեզանում վարակիչ դարձնելն է՝ գաղափարը հասցնելով Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ապրող մարդկանց:
«Ակադեմիական կյանքում տարիների դադարից հետո բարձրագույն կրթությունը շարունակելով Չինաստանում՝ տիկին Հակոբյանը նաև օրինակ է ծառայում։ Նրա համոզմամբ` մարդը պետք է մշտապես բաց լինի գլոբալ փորձի առջև, և, այն տեղայնացնելով, ծառայեցնի հանրային ընդհանուր զարգացմանը։
Պեկինում Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:
The post Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.