Ադրբեջանին նոր «փաստարկներ» են անհրաժեշտ Եկեղեցու դեմ, այդ «փաստարկները» ստեղծում են Փաշինյանի գրառումները. Հայրապետյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արվող հայտարարությունները Եկեղեցու ու հոգևորականների վերաբերյալ նաև ադրբեջանական հարթակներում են լայնորեն քննարկվում ու տարածվում, կխնդրեմ մանրամասնեք, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հետաքրքրությունը, ու ինչպե՞ս են այնտեղ մեկնաբանում այդ ամենը:
– Նախքան այդ, ես հիշեցնեմ մի կարևոր հանգամանք. մայիսի 22-ին՝ մինչ Եկեղեցու դեմ այս արշավի մեկնարկը, Ադրբեջանում Կովկասի մուսուլմանների վարչության ավագանու նիստ է հրավիրում, որին մասնակցում է նաև այդ գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, որն էլ այդ նիստի ժամանակ հայտարարում է, որ Հայ Եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրների համար: Այդտեղ նա Հայ Եկեղեցուն մեղադրում է «հիվանդ հայկական ֆանտազիաների իրագործման հարցում իր գործունեության համար» ու նաև նշում է, «թե կեղծիք են տարածում, որ առաջին քրիստոնյաներն են աշխարհում»: Այսինքն՝ բավականին ագրեսիվ, կրոնական ատելություն հրահրող ելույթ էր:
Հայաստանի ոչ մի պատկան մարմին դրան չարձագանքեց, միայն Մայր Աթոռը արձագանքեց, ու դրանից կարճ ժամանակ անց՝ մայիսի 27-29-ը, Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի է ունենում բավականին լայնածավալ միջազգային համաժողով՝ «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում» թեմայով:
Հենց այդ օրերին Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հիշում է համալիրում տեղի ունեցած հարսանիքը, որոշում է արձագանքել դրա հետ կապված գրառումներին, ընդ որում՝ այդ թեմայի շուրջ քննարկումներն արդեն մարել էին, ու այդ տիրույթում «չուլանացված» է կոչում հայկական եկեղեցիները ու «արտասուրբ» անվանում մեր հոգևորականներին: Այսինքն՝ այս ամենը տեղի է ունենում Փաշազադեի ելույթից 7 օր անց, ու այդ թեման արդեն արձագանքներ է գտնում ու տեղափոխվում շատ ավելի խուլիգանական, հայհոյանքներ պարունակող դաշտ:
Իմ համոզմամբ՝ այս ամենի սկզբնաղբյուրն Ադրբեջանում է, որովհետև Ադրբեջանը էականորեն անհանգստացել է Շվեյցարիայում տեղի ունեցող համաժողովից, ընդ որում՝ երբ Փաշազադեն ելույթ էր ունենում, այս համաժողովի մասին հաստատված որևէ տեղեկություն չկար, բայց նրանք վստահորեն տիրապետում էին այդ տեղեկատվությանը ու արդեն նախահարձակ էին եղել: Փաշինյանի ելույթները շատ հարմար գործիք են ադրբեջանցիների համար, որպեսզի քրիստոնեության, քրիստոնեական արժեքների վերաբերյալ տարբեր դերակատարների, այդ թվում՝ Եկեղեցու ջանքերը կարողանան ամբողջությամբ ի չիք դարձնել:
Ադրբեջանում չեն կարողանում անգամ իրենց հրճվանքը զսպել, շատ ակտիվ գրում են, որ Փաշինյանի ասածներն իրենք շատ ակտիվ կօգտագործեն, որովհետև Հայ Եկեղեցին իրենք համարում են ռևանշիստական, ու հիմա Փաշինյանը պայքարում է «ռևանշիստական ու ֆաշիստական Եկեղեցու դեմ»: Բնական է, Փաշինյանը նման բառեր չի կարող կիրառել, ինքն էլ մտել է այլ դաշտ՝ արժեզրկելու հոգևորականներին, Կաթողիկոսին, արժեզրկելու նրա ջանքերը, գործերը:
Եթե հիշեք, ապա ԱՄՆ նախագահ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ խոսեց քրիստոնյաների իրավունքների մասին։
Դա խոսում է ունեցած լավ կապերի մասին, որոնք, ես վստահ եմ, օգտագործվելու է ի շահ Հայոց պետության, իսկ դա միանշանակ անհանգստացրել է Ադրբեջանին, ու գործի են դրել իրենց գլխավոր գործիքը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի:
– Այսինքն, Փաշինյանի այս հայտարարությունները ուղիղ կապում եք Ադրբեջանի հետ, ճի՞շտ է:
– Այո՛, Եկեղեցու գործունեության հետ կապված ու քրիստոնեության թեմայի, որովհետև պարբերաբար հնչում է, որ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին Աստվածաշունչ, Նարեկացի չեն տալիս, այսինքն՝ մերժում են հավատքի հետ կապված գրականություն տրամադրել: Ադրբեջանին նոր «փաստարկներ» են անհրաժեշտ Եկեղեցու դեմ, իսկ այդ «փաստարկները» ստեղծում են Փաշինյանի գրառումները: Պետք է հասկանալ, թե իրականում այս ամենի նպատակը որն է ու այդ տիրույթից արձագանքել, ոչ թե մտնել կոնկրետ թելադրվող բառամթերքի ու քննարկումների դաշտ, որովհետև այդ պարագայում չեն կարող լինել որևէ բովանդակություն ու առարկայական քննարկում:
– Տիկի՛ն Հայրապետյան, այսինքն՝ հիմնական թիրախը Ամենայն Հայոց կաթողիկո՞սն է:
– Հիմնական թիրախը Կաթողիկոսն է, բայց առհասարակ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր տարբեր կառույցներով: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ևս շատ կարևոր ու էական կապեր ունի: Փաշինյանի այս վարքը մեծ մասամբ խախտում է այն բոլոր կոնվենցիաները, որոնք հայկական կողմն ընդունել է՝ դառնալով միջազգային տարբեր կառույցների անդամ, իսկ այդ կոնվենցիաները պարտադրում են չմիջամտել կրոնական գործերին ու հավատքի հետ կապված հարցերին, ինչն այսօր անում է ՀՀ վարչապետը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ադրբեջանին նոր «փաստարկներ» են անհրաժեշտ Եկեղեցու դեմ, այդ «փաստարկները» ստեղծում են Փաշինյանի գրառումները. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.