Փաշինյանը ի դեմս Եկեղեցու տեսնում է ազգային մի ուժ, որի դեմ ոչինչ անել չի կարողանում. Արմեն Բադալյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, հոգևորականների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու իր կնոջ՝ Աննա Հակոբյանի առավոտյան արված ֆեյսբուքյան գրառումները հասարակության տաբեր շերտերի քննարկման, քննադատության, նաև ծաղրի առարկան են դարձել: Այս գրառումներն ի՞նչ նպատակով են արվում, ինչո՞ւ է Եկեղեցին երեկվանից Փաշինյանի թիրախում հայտնվել:
– Դրանք արձագանքներ են Շվեյցարիայում տեղի ունեցող քննարկումներին, գիտեք, հիմա Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները Շվեյցարիայում մասնակցում են քննարկման, որի թեման է արցախահայությունը, գերիների հարցը, ու սրանով ամբողջովին ի չիք են դարձնում իշխանության այն ծրագիրը, թե արցախահայության թեման փակ է, որովհետև այդ քննարկումը ցույց է տալիս, որ թեման փակ չէ:
Փաշինյանն իհարկե չի հասկանում, որ դա Եկեղեցու նախաձեռնությունը չէ, նախաձեռնողը Շվեյցարիայի խորհրդարանն է, Շվեյցարիայի կառույցներն են, թե նպատակը ո՛րն է, դա այլ հարց է, մի կողմ թողնենք: Բայց այդ ամենը դուրս է գալիս իր կողմից իրականացվող քաղաքականության դեմ, ու ատելություն է առաջանում Եկեղեցու նկատմամբ, որովհետև ստացվում է, որ Եկեղեցին չի փակում արցախյան թեման, ինչպես ինքն է անում, դրանով բարձրանում է Եկեղեցու վարկանիշը, իսկ իրենը՝ իջնում:
Նա սկսում է տեսնել ազգային ուժի՝ ի դեմս Եկեղեցու, որի դեմ ինքը ոչինչ անել չի կարող, որքան էլ փորձում է ու սկսում է անցնել իրեն բնորոշ մեթոդաբանության՝ անձնական վիրավորանքների, որովհետև չի կարող ռացիոնալ քննադատություն անել:
Հիմնական պատճառը դա է, բայց խորքային պատճառ էլ կա, որ ինքը չի կարողանում առաջ տանել իր ծրագրերը, չի կարողանում Արցախի հարցն ամբողջությամբ փակել, որովհետև այդ մի քննարկումն էլ բավական է ցույց տալու համար, որ Արցախի հարցը փակ չէ, իսկ դա նշանակում է, որ եթե Արցախի հարցը փակ չէ, այն կարող է հաջորդ տարվա ընտրություններին օգտագործվել, ու իր արտահայտությունը, թե խաղաղություն կլինի, հանուն դրա քվեարկեք իմ օգտին, չի աշխատելու:
Արդյունքում պարտվելու է ու հավանաբար հասկանում է, որ պարտության դեպքում չի կարող որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալ, իսկ դա ենթադրում է, որ իրեն Հայաստանում դատելու են, սա է իր ապագան: Այսինքն՝ այս ամենը ինքն այդ կոնտեքստում է տեսնում, որի պատճառով բուռն վերաբերմունք է դրսևորում:
– Իսկ ընտրված բառապաշարը հատո՞ւկ է, թե՞ ուղղակի, որովհետև հանրության մի մասն այդ ամենը նույնացրեց Վարդան Ղուկասյանի՝ Դոգի ուղիղ եթերների բառապաշարին:
– Եթե «Հայկական ժամանակի» իր թերթերը նայեք՝ կտեսնեք, որ այդ բառապաշարով է արտահայտվում, ժամանակին ինքը թերթում այդ բառապաշարով է գրել: Նման բառապաշար օգտագործելով ինքը չի կարող դառնալ Վարդան Ղուկասյան, որովհետև վերջինի պարագայում այդ բառապաշարը ասելիքի ձևն է, բայց ձևով չէ, որ դու հեղինակություն ես ստանում, ասելիքն է կարևոր:
Այնպես չէ, որ ինքը նման բառեր օգտագործելով դառնալու է Վարդան Ղուկասյան, եթե մարդիկ այդպես են մտածում, ապա դա սխալ է, ասում եմ, ինքը ժամանակին նման բառապաշար օգտագործել է, հիմա էլ կրկնում է:
– Նման բառապաշարով գրառումներից հետո Փաշինյանի վարկանիշն աճելո՞ւ է:
– Չէ՛, բացարձակ, նրա վարկանիշն այլևս չի կարող աճել: Ցանկացած նման արտահայտություն անգամ իր կողմնակիցներին է ինչ-որ չափով վանում, նման գրառումները նպաստում են իր հակավարկանիշի աճին, իր հակավարկանիշը շատ-շատ բարձր է՝ ատելության մակարդակի հասնող: Իր հակաընտրազանգվածն այնքան մեծ է, որ խեղդում է իր ընտրազանգվածին, սեղմում է ու թույլ չի տալիս, որ իր վարկանիշը բարձրանա: Իր ու իր կնոջ նկատմամբ ատելությունը շատ մեծ է:
– Պարո՛ն Բադալյան, իսկ, ըստ ձեզ, Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չե՞ն հաշվարկել, որ նման գրառումներով կորցնելու են ընտրազանգված:
– Չեմ կարող ասել, շատ դեպքերում դու չես կարողանում տիրապետել քեզ. իսկ խեղդվողը չի՞ հասկանում, որ փրփուրներից կառչելն անիմաստ է, բայց ենթագիտակցորեն դա անում է: Նույն վիճակում են, երբ չեն կարողանում մարդկանց ռացիոնալ պատասխանել, անցնում են անձնական վիրավորանքի, ասելիք չունեն:
Տեսեք՝ Վարդան Ղուկասյանը որ հայհոյում է, ոչ թե որ ասելիք չունի, որ հայհոյում է, ուղղակի նա իր ասելիքն այդ ձևով է ներկայացնում, որովհետև հայհոյանք լսող որոշակի սոցիալական խմբեր կան, որ հաճույք են ստանում դրանից, այդ լսարանը ասելիքն այդ ձևով է ընկալում, դրա համար է ինքն այդ ձևով ասում:
Տվյալ դեպքում՝ երբ վարչապետն ասելիք չունի, սկսում է նման ձևով արտահայտվել, որովհետև տեսնում է, որ կա ուժ, որն իր առաջ չի խոնարհվում՝ ի դեմս Եկեղեցու: Հետևաբար Վարդան Ղուկասյանի հետ համեմատելը, ասել, թե նրա ընտրազանգվածին է փորձում իրենով անել, սխալ է, քանի որ բացատրեցի տարբերությունը արդեն:
– Բացի նրանից, որ Եկեղեցին, ինչպես ասում եք՝ ձախողում է իր ծրագրերը, Փաշինյանի, Աննա Հակոբյանի մեջ կա՞ վախ ապագայի, իշխանության կորստի:
– Իհարկե կա, շատ լավ հասկանում են՝ ի՛նչ է կատարվել, Արցախ են հանձնել, 5 հազար զոհ է եղել, հասկանում են, որ որևէ երկրում չեն կարող քաղաքական ապաստան խնդրել, որովհետև ոչ մի երկիր, որտեղ կա հայ համայնք, իսկ դրանք աշխարհի բազմաթիվ երկրներում են, լուրջ խնդիրներ է ունենալու հայ համայնքի հետ:
Նայեք հարևան Վրաստանում ինչ կատարվեց Սաակաշվիլիի հետ, որն ի տարբերություն Փաշինյանի՝ հստակ ընդգծված արևմտամետ էր ու երկրի համար լիքը բան արեց, բայց դա չխանգարեց, որ նա այսօր բանտում լինի, ու ոչ մեկը Եվրոպայում այսօր չի հիշում նրա արևմտամետ լինելը: Պատկերացրեք, եթե Սաակաշվիլիին տեր չկանգնեցին, Փաշինյանին ո՞վ է տեր կանգնելու:
Իրենք այս ամենը շատ լավ հասկանում են, հասկանում են, որ իրենց գաղափարը՝ «Արցախը չկա, այլևս ոչ մի խնդիր չկա», պարտվել է, ու ինչ է լինելու իրենց հետ իշխանության չլինելուց հետո: Ինքը հասկանում է, որ բոլոր կողմերից ճնշումն ուժեղացել է՝ ռուսական կողմից, արևմտյան կողմից տեր չեն կանգնում, Եվրամիությունը ինչ-որ խառը առաջարկներ է անում, ներսում ձախողումներ են, իսկ դա բերելու է պարտության:
Այս ամբողջը կուտակվում է ու ինչ-որ ձևով արտահայտվում, իրենց մոտ էլ այս ձևերով են արտահայտվում վախերը: Այնպես չէ, սակայն, որ նման ձևով ինքը ընտրազանգված է հավաքելու, ո՛չ, Գյումրու ընտրությունները լավագույնս ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրազանգվածի կառուցվածք է փոխվում, այդ ամենը իրեն զեկուցում են: ԱԱԾ-ն պարբերաբար անում է դա, իսկ այդ ամենը կուտակվում է ու ինչ-որ ձևով պետք է արտահայտվի, հատկապես երբ դու չես կարողանում տիրապետել քեզ ու զսպել էմոցիաներդ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանը ի դեմս Եկեղեցու տեսնում է ազգային մի ուժ, որի դեմ ոչինչ անել չի կարողանում. Արմեն Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.