Դոմփելը նորաձև է
Ըստ օրեր առաջ հրապարակված «Կովկասյան բարոմետրի» տվյալների՝ Հայ Առաքելական Եկեղեցուն վստահում է Հայաստանի բնակչության 71%-ը, մինչդեռ ՔՊ կուսակցության վարկանիշը ընդամենը 17% է։
Բոլոր նմանատիպ դեպքերում, երբ սոցիոլոգիական հարցումներով ֆիքսվում է Եկեղեցու լայն հանրային աջակցությունը, ՔՊ կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցնում է հարձակման՝ հրապարակային խոսքում թիրախավորելով այն։
Եկեղեցու դեմ գրոհը սկսվեց երեկ. կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե եկեղեցիները «չուլանացված» են, խոսեց «կեղծ բարեպաշտության» և «արտասուրբ վարքագծի» մասին։
Ի տարբերություն նախորդ անգամների, երբ Փաշինյանի՝ Եկեղեցուն ուղղված քննադատությունը լայն աջակցություն էր ստանում ՔՊ-ամերձ շրջանակների կողմից, այս անգամ այն նույնիսկ իր թիմի ներսում բավարար չափով աջակցություն չստացավ:
Փաշինյանը լինելով հասարակական տրամադրությունները թերևս լավագույնը զգացող ու հասկացող քաղաքական գործիչ՝ այսօր առավոտյան կտրուկ փոխեց թիրախը՝ Եկեղեցուց անցնելով եկեղեցականներին՝ համոզված լինելով, որ վերջիններիս ուղղված յուրաքանչյուր քննադատություն նույնիսկ ոչ ՔՊ-ականների մոտ ավելի ընդունելի կլինի, քան անմիջապես Եկեղեցուն ուղղված քննադատությունը։
Մայիսի 30-ին հայ հասարակությունը իրապես աննախադեպ երևույթի ականատես եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը իր էջում հետևյալ գրառումը արեց.
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
Ինչպես յուրաքանչյուր քիչ թե շատ նորմալ մարդ կամ գոնե «Կրթությունը նորաձև է» արշավին գեթ մեկ անգամ մասնակցած քաղաքացի, շատերը ենթադրեցին, թե վարչապետի էջը կոտրել են։
Բայց ոչ, Փաշինյանը առավոտից արդեն մի քանի գրառումներ է արել եկեղեցականների սեռական կյանքի վերաբերյալ և կարծես չի պատրաստվում դադարեցնել, իսկ քիչ անց նրան միացել է Աննա Հակոբյանը՝ շարունակելով գրել «սև սքեմ հագնող մոլագարների», «մանկապիղծների» ու «այլասերվածությունների չուլանների» մասին՝ բնականաբար կրկին «Կրթությունը նորաձև է» արշավի շրջանակներում։
ՔՊ-ից որևէ նախարար, պատգամավոր կամ հասարակությանը հայտնի այլ ՔՊ-ական դեռևս չի արձագանքել, պաշտպանել, հավանել, սրտիկել «Դոմփելը նորաձև է» նոր արշավի առաջին հրապարակումներին՝ բացառությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, հայ-ադրբեջանակն առևտրային հարաբերությունների ջատագով Ալեն Սիմոնյանի, որը հավանել է Փաշինյանի զազրելի հրապարակումը։
Մարի Ներսեսյան
MediaLab.am
The post Դոմփելը նորաձև է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.