«Աղքատների բանակ» ստեղծելը ցույց է տալիս, որ կառավարությունը տապալել է պաշտպանության գործի կազմակերպումը. Հայկ Խանումյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի նախկին պատգամավոր, ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը
– Պարո՛ն Խանումյան, կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է սահմանել պարտադիր զինվորական ծառայության անցնելու հնարավորություններ՝ 24 ամսից պակաս ժամկետով՝ վճարի դիմաց։ Մասնավորապես՝ 1 ամսվա ծառայության համար նախատեսված է 24 միլիոն դրամ, իսկ 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն։ Բացի այդ, պարտադիր զինծառայության սահմանային տարիքը կբարձրանա՝ 27-ից դառնալով 32 տարի։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը և ի՞նչ հնարավոր հետևանքներ այն կարող է ունենալ։
– Սա հասարակության կաստայացման գործընթաց է, այսինքն՝ մեր հասարակությունը բաժանում ենք կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողների, սա հնարավորություն է տալիս մարդկանց պետության նկատմամբ իրենց պարտականությունները իրականացնելու փոխարեն գնել այդ պարտականությունները:
Սա մեծ անարդարության զգացում է առաջացնելու հասարակության մոտ, ու նրանք, ովքեր չունեն այդ գումարը, փորձելու են այս կամ այն կերպ խուսափել բանակի ծառայությունից: Մարդիկ, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, ուղարկում են, որովհետև բոլորի երեխաներն են գնում բանակ, եթե ոմանք կարող են փողի դիմաց ազատվել բանակից, ապա մյուսները որևէ արդարության զգացում, որևէ մոտիվացիա չեն ունենալու իրենց 18 տարեկան երեխային ուղարկել բանակ:
Խնդիր իհարկե կա, Հայաստանում ծառայության նկատմամբ լուրջ վախեր միշտ են եղել, մարդիկ տարբեր կերպ փորձել են իրենց երեխաներին բանակից փախցնել՝ կա՛մ կաշառքով, կա՛մ կեղծ գիտնական դարձնելով, կա՛մ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելով, ու այս ամենն այսօր էլ շարունակվում է, բայց դրա լուծումն ամենևին էլ փողով բանակից ազատվելը չէ:
– Բայց իշխանությունը սա հիմնավորում է հետևյալով, որ իրենք այսկերպ փորձում են հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել բանակում, այսինքն՝ որ խուսափողների թիվը կրճատվի:
– Դա սխալ մոտեցում է, սա ցույց է տալիս, որ «աղքատների բանակ» ստեղծելով՝ կառավարությունը տապալել է կառավարումը, մասնավորապես՝ պաշտպանության գործի կազմակերպումը, որը կառավարության գլխավոր պարտավորությունն է:
Այս ամենը կազմակերպելու համար մեր հանրային դաշտում կան տարբեր առաջարկներ, ինձ համար ամենաընդունելին Սամվել Բաբայանի առաջարկությունն է, որը նա 2007-ից ի վեր անում է:
Առաջինը՝ պարտադիր զորակոչը կրճատել մինչև մեկ տարի, այդ պարտադիր զինծառայությունը կազմակերպել միայն ուսումնական զորամասերում, պարտադիր զորակոչվածներին չտանել առաջնագիծ, մարտական հերթապահության կամ պատերազմական գործողությունների՝ հնարավորություն տալով, որ 18 տարեկան տղաները մեկ տարի ռազմական գործին տիրապետել սովորեն ու զորացրվեն, այնուհետև առաջարկում է 19-35 տարեկան քաղաքացիներից բաղկացած պրոֆեսիոնալ բանակ, այսինքն՝ բարձր վարձատրվող, լավ մարզված բանակ, որը կկատարի պաշտպանական խնդիրները:
Սա լավագույն լուծումն է իմ կարծիքով, որ կարող ենք ունենալ, որը հնարավորություն կտա նախ համընդհանուր զինծառայություն ապահովել, որովհետև իրենց երեխաների սպանվելու վտանգի հավանականությունը զգալիորեն կկրճատվեր կամ կզրոյանար, ու հնարավորություն կունենային ավելի պրոֆեսիոնալ ու մարտունակ բանակ ունենալու, որը պատերազմի դեպքում շատ ավելի քիչ զոհ կտար, ավելի կազմակերպված կլիներ, ծառայության մոտիվացիան էլ ֆինանսական կլիներ, հետևաբար կվարձատրվեին այդ զինծառայողները, ու, ի վերջո, այդ գումարները, որոնք պետք է ուղղվեն պայմանագրային զինծառայողների վարձատրությանը, հիմնականում կծախսվեին սահմանամերձ մարզերում՝ բերելով տնտեսական աշխուժացման, տարածքային զարգացման ու մի քանի այլ կարևոր արդյունքների՝ բացի պաշտպանության ապահովումից:
Սա շատ կարևոր թեմա է, որը, իմ կարծիքով, հասու չէ այսօրվա Հայաստանի կառավարությանը: Մեր 30 տարվա անկախ պատմության մեջ ես չգիտեմ այս աստիճանի խայտառակ օրինագիծ, ինչպիսին սա է, որը հասարակությունը վերածում է կաստաների:
– Պարո՛ն Խանումյան, ստացվում է, որ այս նախագիծը իրենց նշած արդյունքը չի՞ ապահովի:
– Վստահ եմ, որ բախվելու ենք հետևանքների, քան թե ինչ-որ արդյունք ենք ունենալու: Վստահ եմ, որ տոտալ անարդարության պայմաններում տեղի են ունենալու ավելի սարսափելի երևույթներ, քան տարեկան 2 հազարից ավելի անչափահաս տղայի՝ Հայաստանի քաղաքացիությունը կորցնելն է:
– Իսկ իշխանությունը ինչո՞ւ չի գնացել թեկուզ Սամվել Բաբայանի առաջարկած մոդելով, այլ այս տարբերակն է ընտրել: Չունի՞ դա իրականացնելու պոտենցիալ, թե՞ նպատակն այլ է:
– Բանակի կառավարման ասպարեզում 90-ականներից սկսած ունենք լուրջ խնդիրներ ցայսօր, մշտապես բախվել ենք բանակում տիրող խնդիրների՝ կատարողական կարգապահության, ոչ կանոնադրական հարաբերությունների և այլն: Միակ մարտունակ կազմավորումը, որ Հայաստանի զինված ուժերն ունեցել է, Արցախի պաշտպանության բանակն էր, որի ողբերգական ճակատագրի մասին տեղյակ ենք բոլորս:
Նոր որակի կառավարում է պետք այսօր, բայց նման քաղաքական կամք ես չեմ տեսնում, որովհետև գլխավոր որոշում ընդունողը նիհիլիստական պատկերացում ունի բանակի վերաբերյալ, գտնում է, որ ինչ բանակ էլ ստեղծեն, մեկ է՝ թշնամին ավելի ուժեղ է:
Այսօր մենք ունենք մեծ գլխով՝ նկատի ունեմ բանակի կառավարման համակարգը՝ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ու փոքր մարմով՝ նկատի ունեմ անձնակազմը, մի բանակ, որն արդյունավետ չէ, հսկայական ռեսուրսներ է մսխում հասարակությունից, բայց չի կարողանում կատարել իր հիմնական ֆունկցիան՝ երկրի պաշտպանությունը ու երկրի պաշտպանված լինելու զգացողության ներշնչումը բնակչությանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post «Աղքատների բանակ» ստեղծելը ցույց է տալիս, որ կառավարությունը տապալել է պաշտպանության գործի կազմակերպումը. Հայկ Խանումյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.