«Ինձ համար անլուծելի բան չկա». Հերիքնազը՝ փոքր աթոռի վրա կանգնած մեծ կյանք կառուցող կինը
«Ոչ մի իրավիճակում երբևէ կյանքի կամ մարդկանց հանդեպ չեմ չարացել։ Իրականությունն ընդունել եմ էնպես, ինչպես կա։ Համակերպվել եմ, ապրել ու առաջ նայել»,– ասում է 54-ամյա Հերիքնազ Մխիթարյանը։
Հերիքնազը կարճահասակ է՝ 1 մետր 20 սանտիմետր։ Ծնողներն էլ նույն առանձնահատկությունն ունեին։ Հիշում է՝ մոտ տասը տարեկան էր, երբ փոքր քույրը հասակով իրենից անցավ, և այդ պահին գիտակցեց՝ ինքն էլ ծնողների նման է լինելու։
«Տատիկս շատ էր ինձ հետ աշխատում։ Ինքնավստահություն էր ներշնչում, սովորեցնում էր, որ չնեղվեմ։ Ասում էր՝ ամեն մարդ իր առանձնահատկությունն ունի, էս էլ իմն է, բայց ես ոչ մեկից ոչնչով պակաս չեմ։ Շատ էի նեղվում, որ մազերս չէին երկարում, ու նա նորից բացատրում էր՝ էդ էլ ա նորմալ»,– պատմում է Հերիքնազը «Մեդիալաբին»։
Դպրոցում և բակում, ասում է, արդեն բոլորը ճանաչում էին իրենց ընտանիքը, ու ոչ ոք այլևս չէր զարմանում։ Շրջապատում բացասական վերաբերմունք չի զգացել։ Դպրոցում լավ ընկերներ է ունեցել։ Ակտիվ ու չարաճճի երեխա էր, հիմնականում ընկերություն էր անում տղաների հետ, քանի որ աղջիկները խմբերով էին շրջում։
«Տղաների հետ հեշտ էր։ Նրանք երբեք չէին դավաճանում։ Չնայած՝ աղջիկների հետ էլ վատ հարաբերություններ չեմ ունեցել։ Միշտ մասնակցում էի մեծերի միջոցառումներին»,– ասում է Հերիքնազը՝ ժպիտով հիշելով դպրոցական տարիներից մի դեպք։
«Մի միջոցառման ժամանակ պետք է բոլորս վզկապ կապեինք։ Ես հանեցի ու ասեցի՝ տղե՛րք, վզկապ չենք կապում, տղավարի հանում ենք բոլորս։ Ու բոլորը հանեցին իրենց վզկապները։ Հետո ուսուցչուհին ինձ առանձին կանչեց ու ասաց. “Լավ, էլի, դու չես ուզում՝ մի կապի, բայց ինչու ես բոլորին ասում հանեն”»:
Հագուստի հարցում Հերիքնազը երբեք չի դժվարացել։ Գնում է այն, ինչ իրեն դուր է գալիս, իսկ թևերն ու տաբատի փողքերը պարզապես ինքն է կարճացնում։ Ասում է՝ պետք չէ սպասել, որ ամեն ինչ հենց քեզ համար հարմար լինի, երբ կարելի է ինքնուրույն հարմարեցնել։
Միայն թե պատահել է, որ քրոջ բլուզները իրեն ամբողջ շորի տեղ են ծառայել։
«Դպրոցում ես ու քույրս նույն դասարանում էինք սովորում։ Միանման բլուզներ էինք առել։ Քույրս որպես բլուզ էր հագնում, ես՝ որպես շորիկ։ Մի օր դասարանից մեկն էլ կատակով ասեց՝ «մի օր մի քույրը բլուզ է հագնում, մի օր մյուսը՝ շորիկ»։ Հաջորդ օրը երկուսս նույնը հագանք, գնացինք դպրոց։ Ասեցի՝ լսեք՝ էս նույն հագուստն ա»,– ծիծաղով հիշում է տիկին Հերիքնազը։
Հերիքնազը ցանկանում էր ուսումը շարունակել և ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Մինչ այդ սովորում էր արհեստագործական ուսումնարանում։ Սակայն 17 տարեկանում ամուսնացավ, և ուսանելու երազանքը անկատար մնաց։
«Ամուսնուս հարևանն էր ինձ տեսել։ Մայրս «Գայանե» հանրախանութում էր աշխատում, և հենց այնտեղ էր այդ աղջիկը ինձ նկատել։ Ամուսնուս համար ուրիշ աղջիկ էին նայել, բայց չէին հավանել։ Ու էդ ժամանակ հարևանը պատմել էր իմ մասին։ Եկան, ծանոթացանք, ու մի ամսից հարսանիք արեցինք»,– պատմում է Հերիքնազը։
Հերիքնազի ամուսինը՝ Հմայակը, նույնպես կարճահասակ էր։ Նա սիրով է հիշում ամուսնու հետ ապրած տարիները, ասում է, որ միասին ապրել են սիրո և համերաշխության մեջ։
«Ամուսնուս ծնողները թույլ չէին տալիս, որ աշխատեմ։ Ես էլ, իմանալով, որ ինձ համար հեշտ չի լինելու աշխատանք գտնել, առանձնապես ձգտում չունեի։ Սակայն ամուսնուս մահից հետո վերադարձա հայրական տուն։ Միայն 40 տարեկանում որոշեցի ինքնուրույն աշխատել, բայց հենց էդ ժամանակ էլ բախվեցի առաջին դժվարություններին»,– հիշում է նա։
Հերիքնազը նշում է, որ երկու անգամ հիվանդ մարդկանց է խնամել։ Առաջինը՝ տարեց կին, երկրորդը՝ քաղցկեղով հիվանդ երիտասարդ։ Հիշում է՝ երբ հանդիպել էր տարեց կնոջ որդու հետ՝ աշխատանքային պայմանները քննարկելու, տղան դուրս էր եկել սենյակից և զանգել նրան խորհուրդ տված անձին. «Հասկանո՞ւմ ես՝ ում ես ուղարկել, էս մարդը ո՞նց ա անելու էս գործը»։ Բայց իրեն երաշխավորողն ասել էր՝ վստահ եղիր, նա կարող է։
«Փորձնական օր պայմանավորվեցինք։ Վերցրինք մորը, գնացինք Ստեփանավան։ Ճանապարհին պարզվեց, որ բարեկամները չէին գնացել ու տունը չէին մաքրել։ Տղան բարկացավ՝ թե հետ ենք գնում։ Ասացի՝ տղա ջան, մի բարկացիր, գնա, ես կօգնեմ, ամեն ինչ կսարքենք։ Գնացինք, մորը պառկացրինք, ես արագ ցուցակ գրեցի՝ խանութից մաքրող միջոցներ բերելու։ Բարեկամի տղային էլ ասացի՝ դրսից քարեր բեր, շարի լվացարանի մոտ, որ կանգնեմ վրան ու ափսեները լվանամ։ Ամեն ինչ արեցի։ Երեկոյան խորոված արեցինք, նստեցինք։ Էդ ժամանակ էլ տղան խոստովանեց, որ սկզբում կասկածել էր, բայց հիմա շատ գոհ է։ Ես էլ վեր կացա, կանգնեցի, ձեռքերս դրեցի կողքիս ու ասեցի՝ “Տղա ջան, էդ ու՞մ էիր կասկածում”»,– ծիծաղով հիշում է Հերիքնազը։
Դրանից հետո Հերիքնազը որոշեց աշխատել երեխաների հետ։ Ասում է՝ երեխաների հետ ավելի հեշտ ու հաճելի է։ Գնացել է «Գնդիկ-բոքոնիկ» մանկական սրճարան ու խնդրել, որ որևէ աշխատանք առաջարկեն։ Իրեն տեսնելով՝ ոգևորվել են ու առաջարկել կերպարային հագուստով հյուրընկալ աշխատել դռների մոտ։ Հերիքնազը սիրով համաձայնել է։
Երեխաներն իրեն շատ էին սիրում։ Երբեմն նույնիսկ հատուկ իրեն էին կանչում, որ կամակոր փոքրիկներին ուրախացնի ու տորթի արարողությունն անցկացնի, քանի որ հաճախ միջոցառման կենտրոնը հենց նա էր դառնում։
Որոշ ժամանակ անց առաջարկ է ստացել Վաչե Խուրշուդյանից՝ կրկեսում աշխատելու։ Չի մերժել։ Այժմ, երբ կրկեսային ներկայացումներ են լինում, Հերիքնազին անպայման հրավիրում են։ Նա իր կերպարային հագուստներով ուրախացնում է երեխաներին ու նույնիսկ մասնակցում է ֆոկուսներից մեկին։
Հերիքնազի կարիերան սկսվեց մանկական սրճարանից ու շարունակվեց կրկեսում, ապա նաև հեռուստանախագծերում։ Այս պահին հիմնական աշխատանք չունի, զբաղվում է քրոջ թոռների խնամքով, բայց կրկեսի ներկայացումների ժամանակ իրեն միշտ հիշում ու հրավիրում են։
Ասում է՝ կյանքում շատ դժվարություններ չի ունեցել, ամեն ինչ կարողացել է անել։ Կենցաղային գործերում միշտ ինքնուրույն լուծումներ է գտել։
«Ամեն ինչ էլ կարողանում եմ անել՝ վարագույր եմ կախում, լյուստրան եմ մաքրում։ Աստիճանի վրա աթոռ եմ դնում ու անում եմ։ Միակ բանը, որ մի քիչ դժվարությամբ էի անում, պատուհանները մաքրելն էր։ Դժվար էր՝ աստիճանը անընդհատ տեղափոխել, բայց անում էի։ Ներսից մաքրում էի, դրսի կողմից չէի կարողանում։ Մի ընկերուհի ունեի, ինքն էր գալիս ու մաքրում պատուհանները»,– պատմում է Հերիքնազը։
Նա շտապում է խոհանոց՝ ցույց տալու, որ իր համար կենցաղում ամեն ինչ ունի պատասխան:
«Ինձ համար անլուծելի բան չկա»,– ծիծաղում է նա։
Վերցնում է իր փոքրիկ աթոռն ու տեղադրում լվացարանի առաջ, կանգնում վրան՝ ափսեները լվանալու։ Դանակի ծայրով մոտեցնում է մաքրող հեղուկի տարան ու արագ անցնում գործին։ Հետո ցույց է տալիս՝ ինչպես է փայտե գդալի պոչով վերցնում վերևի դարակի բաժակը։
«Իսկ ինչ համեղ ճաշեր է պատրաստում»,– կողքից լրացնում են ընտանիքի անդամները։
Թվում է՝ Հերիքնազի պատմությունը միայն զվարթ ու ժպտալու արժանի դրվագներ ունի, բայց նա անկեղծանում է՝ դժվարություններ էլ են եղել։ Այսօր մարդիկ իրեն փողոցում ավելի հանգիստ են ընդունում, իսկ նախկինում երբեմն կոպիտ էին արտահայտվում։ Այդ պահերին շատ էր նեղվում, բայց ժամանակի ընթացքում սովորել է չնվաստացնել իրեն ու կյանքին արժանապատվորեն նայել:
«Ամենաշատը նեղվում էի լիլիպուտ բառից։ Առաջ շատ էին օգտագործում էդ բառը։ Հիշում եմ՝ մի անգամ կանգառում կանգնած էի, քիչ այն կողմ մի կին իր թոռնիկի հետ էր։ Հրում էր երեխային ու ասում՝ «Նայի՛, նայի՛՝ լիլիպուտ»: Երեխան միանգամից բարձր գոռաց՝ լիլիպուտ: Պտտվեցի, նայեցի։ Էդ կինը խփեց երեխային։ Ասացի՝ «Ինչի՞ ես երեխայի գլխին խփում, քո գլխին պետք ա խփես։ Երեխան չգիտի էդ բառը, դու ես սովորեցրել»: Կինը ձայն չհանեց, բռնեց երեխայի ձեռքը ու հեռացավ։ Դա միակ դեպքն էր, երբ արձագանքեցի։ Մեծ մասամբ լռում էի, բայց ներսում շատ էի նեղվում, կոմպլեքսավորվում, փակվում… միայն հարազատներիս մոտ չէի ցույց տալիս»,– պատմում է տիկին Հերիքնազը։
Ասում է՝ երբեք Աստծու կամ ճակատագրի հետ կռիվ չի տվել։ Միայն 15-16 տարեկանում էր շատ նեղվում, որ չէր կարողանում բարձրակրունկ կոշիկներ հագնել՝ ինչպես մյուս աղջիկները։ Ոտքերը շատ փոքր էին, կոշիկները մանկական խանութից էր գնում, իսկ բարձրակրունկներ չկային։
«Միշտ երազում էի հարսի շոր հագնել ու մտածում էի՝ տեսնես կկարողանա՞մ մի օր։ Բայց եկավ օրը, ու հագա հենց իմ երազած հարսանեկան զգեստը, նաև բարձրակրունկ կոշիկներ։ Ափսոս միայն, որ ամուսինս չէր սիրում նկարվել, ու հարսանիքից նկարներ չեն պահպանվել»,– ժպիտով հիշում է Հերիքնազը։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am
The post «Ինձ համար անլուծելի բան չկա». Հերիքնազը՝ փոքր աթոռի վրա կանգնած մեծ կյանք կառուցող կինը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.