Ոչ մեկը չէր ասում՝ տղա՛ս, լռիր, երեխային գործիք էին դարձրել, ունեմ համոզում, որ մեծերի կազմակերպածն էր. Նարինե Դիլբարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը
– Տիկի՛ն Դիլբարյան, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի դպրոցում տեղի ունեցած դեպքն ակտիվ քննարկման թեմա է դարձել համացանցում, ԿԳՄՍ նախարարությունն արդեն արձագանքել է միջադեպին: Տեղի ունեցածն ինչի՞ հետևանք է:
– Վերջին շրջանում դպրոցների հետ կապված ամենազարհուրելի միջադեպն էր սա, բավարարվել նախարարության այդ նախազգուշացնող պատժիչ որոշմամբ՝ տնօրենի պաշտոնակատարի հեռացմամբ, չի կարելի: Սա խորքային իրողություն էր, ու ես կարծում եմ, որ լավ էր, որ այդ տեսարանը հրապարակայնացվեց սոցիալական ցանցերի միջոցով, որովհետև, փաստորեն, դպրոցներում կրթադաստիարական համակարգի ճգնաժամը զարհուրելի անկման է հասել:
Կարծում եմ, մեղավորը ոչ այնքան այդ երեխաներն էին, իհարկե, այդպես բղավող, սարսափելի բառապաշար ունեցող աշակերտին երեխա համարելը դժվար է, փաստորեն ինչ տեսնում են, դա էլ վերարտադրում են, վտանգավորն այդ երեխայի կողքին կանգնած հասուն տարիքի մարդկանց ներկայությունն էր, որոնք ոչ միայն դատապարտող որևէ խոսք չէին ասում, այլև կար վայրագ մի հրճվանք, որից ես կարող եմ եզրակացնել, որ տեղի ունեցածը կազմակերպված ակցիա էր:
Ուզում եմ հիշեցնել նախորդ դեպքերը, որ ուսուցիչների հանդեպ նմանատիպ փոքր դեպքեր եղան, մանկապարտեզում ևս դեպքեր եղան, բայց մենք միայն մակերեսով բավարարվեցինք, իսկ հիմա նկատում ես, որ այս մեթոդը դարձել է ինչ-որ մեկին թիրախավորելու, նրա հանդեպ ատելության խոսք տարածելու միջոց: Այսինքն՝ հրապարակային հաշվեհարդար էր, որն անկասկած կազմակերպված էր:
Թողնենք Աստծո դատին ուսուցչի արտահայտած-չարտահայտած մտքերը, բայց ուսուցչին այդպես հրապարակային նվաստացնել ոչ մի պարագայում թույլատրելի չէ, այն էլ՝ աշակերտի միջոցով: Սա այն պարագայում, երբ հայտարարվում է, որ մեր կրթական համակարգը գնում է դեպի աշակերտակենտրոնություն, ուսանողակենտրոնություն, այսինքն՝ մարդիկ այս միտքը ընկալում են խիստ աղճատված ու վտանգավոր կերպով, նրանք երեխաներին դարձնում են գործիք:
Այդ երեխան, որն իր ահազարհուր ոչ հայերեն բառապաշարով արտահայտվում էր, նրան հաստատապես թևեր էին տվել, ու նրա՝ այդ շնչակտուր լինելն էլ նշանակում է, որ երեխային ինչ-որ հրահանգ էր տրվել, հրահանգը կարելի է հասկանալ տարբեր կերպ: Մենք տեսնում ենք բազմաթիվ հրապարակումներ, երբ երեխան, ծնողը գաղտնի տեսալուսանկարահանում են տվյալ դեպքում ուսուցչի, մեկ այլ դեպքում՝ դաստիարակի կամ համագյուղացու մտքերը, ինչը շատ վտանգավոր իրողություն է, երբ դու մարդու մեջ խրախուսում ես իբրև թե տեսած հանցագործությունը հրապարակել ու թիրախավորել այն կատարողին, դու խախտում ես անմեղության կանխավարկածը, իսկ այն ոչ միայն իրավական հասկացություն է, իրավաբանական եզրույթ է, այլև՝ հանրային համերաշխության, խաղաղ համակեցության գլխավորագույն ցուցիչն է:
Հակառակ պարագայում դու արդեն դառնում ես դատավոր, իսկ նրանք այդ երեխային թևեր էին տվել, ըստ էության ներշնչել էին, որ ինքը դատավոր է ու կարող է այդպես աղաղակել: Կրկնում եմ՝ ամենասարսափելին երեխան չէր, նրան գործիք էին դարձրել, ունեմ համոզում, որ դա մեծերն էին կազմակերպել, որովհետև մեկը չէր ասում՝ տղա՛ս, լռիր, տղա՛ս, հանգստացիր:
-Ձեր կարծիքով՝ ինչ արժեքներ և վերաբերմունքներ են երևում այդ տեսանյութում և այդ միջավայրում՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների պահվածքից դատելով։
– Գիտակցաբար, թե անգիտակցաբար, նրանք քրեական ենթամշակույթի կրողն էին դարձել, որովհետև քրեական ենթամշակույթում է ընդունված հրապարակային դատաստանը: «Դատաստան» բառը ահեղ է հնչում, բայց դատաստանը հասարակության խաղաղ համակեցության գործիքներից մեկն է, սակայն այն չի կարող լինել հրապարակային: Քիչ թե շատ քաղաքակրթական զարգացման մարդակենտրոն հասարակություններում դատաստանները կատարվում են առանձին տեղերում, որոշակի հետաքննություններից հետո, ոչ հրապարակային, որովհետև մինչև դատարանի վճիռը մարդն ունի անմեղության կանխավարկած:
Այստեղ մենք տեսանք հրապարակային մարդուն ոչնչացնելու տեսարան, ըստ էության պակասում էր քարն ու փայտը վերցնեին ու գանակոծեին այդ ուսուցչին՝ իր ասածի համար: Հրապարակային դատաստանը բնորոշ է քրեական ենթամշակույթին, որտեղ կա մարդուն իջեցնելու հասկացություն, մարդուն նվաստացնելու պրակտիկա, որով մարդուն կարգավիճակազրկում են հանրայնորեն, հասցնում են անընդունելի ոչնչացման մակարդակին ու նրան մի կողմ նետում: Գիտեք, կարող է հետո ապացուցվել, որ տվյալ անձը դա չի ասել կամ ուրիշ բան է ասել, բայց դա այլևս ոչ ոք չի լսի, չի հիշի, ու այդ մարդը կմնա այդպես էլ վտարված, ստորագույն անձ:
– Տիկի՛ն Դիլբարյան, ինչո՞ւ ունենք այս դեպքը եւ նմանօրինակ պատմություններ, որ վսհաբար կլինեն:
– Նման արժեհամակարգը հետևանք է վերջին շրջանում մեր հասարակության մեջ՝ նաև ամենաբարձր մակարդակով կատարված վիթխարի դեֆորմացիաների, երբ պարզվեց, որ անպատժելիությունը ժողովրդավարություն է, անպատասխանատվությունը՝ ազատություն: Այսինքն՝ մարդկանց ասացին՝ ձեր հակառակորդն է, ինչ ուզում եք ասեք նրա հասցեին, որովհետև դուք ազատ ու հպարտ քաղաքացիներ եք: Երբ մարդիկ տարբեր ատյաններից՝ ընդհուպ ամենաբարձր, արտաբերում են ամենատարբեր բառերն ու արտահայտությունները, մեղադրանքներ, նաև ժեստեր են ցուցադրում մարդկանց կախաղան հանելու, վիզը կտրելու, մարդիկ էլ մտածում են, որ եթե դա կարելի է իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներին, ապա իրենք ևս դա կարող են անել:
Կրկնօրինակումը մարդու վարքաբանության կարևորագույն ձևերից մեկն է: Վերջին շրջանում հավասարակշռված ու զուսպ լինելը դիտարկվում է թուլության նշան, ես նկատել եմ, խորհրդարանում միմյանց վրա աղաղակելու շատ անբարեվարք տեսարաններից հետո քաղաքացիները կարող են ասել՝ տեսե՛ք, նրանք չպատասխանեցին նույն շարժումով, բառապաշարով, ամոթ իրենց:
Այսինքն՝ տեսեք դեֆորմացիայի աստիճանը, արդեն բարեվարքից զուսպ լինելը դարձել է թուլության նշան, դու պետք է հախուռն մեղադրես, նողկալի արտահայտություններ անես, հետո պատասխան չտաս: Դպրոցում ընդհանրապես պետք է արմատախիլ արվի այս երևույթը, այդ երեխաների հետ պետք է հատուկ աշխատանք տարվի, հավատացնում եմ, միայն տնօրենի պաշտոնակատարի հեռացմամբ ոչինչ չի փոխվի: Այդ մարդիկ ինչպե՞ս են դիպլոմ ստացել, կամ այդ ծնողները ամոթ չե՞ն զգում:
Կարծում եմ, այնտեղ պետք է մեծ ժողով կազմակերպել, նստեն, քննարկեն: Դպրոցներում պետք է բարոյագիտություն սովորեցնեն նաև, այն հասարակությունը, որտեղ միայն գիտելիք են տալիս՝ առանց բարոյական արժեքների, չի կարող լավ արդյունքի հասնել: Դպրոցներում դասավանդվում էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, հանեցին այն՝ իբրև առանձին առարկա, բայց այդ առարկան հենց բարոյական արժեքներ էր սովորեցնում՝ կրոնական այլ գիտելիքներից զատ, «մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր, մի՛ շնացիր»:
Մեր հասարակությունը հիմա զրկվել է բոլոր տեսակի բարոյական արգելքներից, նրանց ներշնչել են, որ պետք է չարախոսել, ատելության խոսք տարածել, կարող եք անգամ երեխաներին օգտագործել, եթե ինչ-որ մեկին փորձում եք թիրախավորել: Հայտնվել ենք զարհուրելի ճգնաժամի մեջ, որովհետև կորցրել ենք բարոյական արժեքները: Սա նաև «Կրթվելը նորաձև է» արշավի ուղղակի առաջին վտանգներից է, որովհետև կրթվելը նորաձև չէ, կրթվելը մշտակա է, ու այն արշավներով չէ, ես համոզված եմ, որ այդ արշավներին մասնակցել են նաև այդ դպրոցի որոշ ուսուցիչներ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ոչ մեկը չէր ասում՝ տղա՛ս, լռիր, երեխային գործիք էին դարձրել, ունեմ համոզում, որ մեծերի կազմակերպածն էր. Նարինե Դիլբարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.