Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև մայթերի մաքրման գործընթացը: Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները երթևեկելի են եղել՝ անգամ բարդ ռելիեֆային հատվածներում:
Հիշեցնենք նաև, որ 2009 թ. Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության հարակից տարածքներում առկա ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները»,- ասված է հաղորդագրության մեջ: