Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա միջոցառումը։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ, գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթն այս տարի անցկացվեց 4-րդ անգամ՝ Կենտրոնական բանկի աջակցությամբ։
Տարվա մեկնարկին շուրջ 600 հայտադիմումից ընտրվել էին 200-ից ավելի ուսանող երևանյան ու մարզային համալսարաններից, որոնք 6 ամսվա ընթացքում հաղթահարել են ինտենսիվ կրթական ծրագիր լոկալ և միջազգային մասնագետների հետ, ունեցել են հնարավորություն անցկացնելու անմիջական հանդիպումներ հայաստանյան մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաև մասնակցել սոցիալիզացման տարբեր միջոցառումների։
Այս ամիսների ընթացքում 2 բիզնես խնդրի վրա աշխատելուց հետո, եզրափակիչ անցած մասնակիցները լուծեցին ՀՀ բանկային ոլորտում թվային լուծումների զարգացման մասին գլխավոր խնդիրը։
«CaseKey մրցույթին արդեն երկրորդ տարին աջակցելու որոշումը մեկ պատճառ ունի․ այս նախագիծը համահունչ է Բիբլոս Բանկ Արմենիայի՝ գործնական գիտելիք տրամադրելու և նորարարությունը խթանելու հանձնառությանը: Նախաձեռնության հետ մեր համագործակցության նպատակն է օգնել ձևավորել տարբեր ոլորտներում առաջնորդների հաջորդ սերունդը։ Ուրախ եմ, որ այս տարի գլխավոր բիզնես քեյսը ոլորտային էր, ինչը նշանակում է, որ լուծումները կնպաստեն ամբողջ ոլորտի զարգացմանը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես տպավորված ենք մասնակիցների կրեատիվ գաղափարներով»,- նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը պարբերաբար հանդիպումներ է անցկացրել մասնակիցների հետ ու կիսվել փորձով։
«CaseKey-ի հետ մենք համագործակցում ենք արդեն 4-րդ տարին։ Այս նախաձեռնությունը ես կբնութագրեի ոչ միայն որպես ոլորտի համար, այլև բիզնես պրակտիկաների զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն։ Ես կարծում եմ, որ բիզնես մտածողության զարգացումը երիտասարդների մոտ շատ կարևոր է։
Այդ է պատճառը, որ մենք փորձում ենք նպաստել, որ այս մշակույթը տարածվի մեզանում։ Այս տեսանկյունից, CaseKey-ի հետ կարևոր գործ է արվում։ Մենք նախագծին մասնակցում ենք նախ մեր մարդկային կապիտալով։ Ինքս մասնակիցների որոշ մասի հետ հանդիպումներ եմ ունենում, մեր բազում գործընկերներ նույնպես ներգրավված են այս պրոցեսի մեջ։ Կարծում եմ՝ մեր աջակցությունը նախագծի հաջողության կարևոր էլեմենտներից է»,- ասաց ՀՀ ԿԲ նախահագ Մարտին Գալստյանը։
«Արդեն 4-րդ տարին է, որ Հայաստանում անցկացվում է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը, և տարեցտարի նկատելի է մասնակիցների որակական աճ։ Սա նկատելի է ոչ միայն հայաստանյան քեյսերի լուծումների որակից, այլև միջազգային հարթակներում ունեցած հաջողությունների շնորհիվ։ Առավել կարևոր է նշել նաև, որ տեղական բիզնեսները տարեցտարի ավելի են գնահատում այս կրթական պլատֆորմի հնարավորությունները և դիտարկում են այն որպես ապագա սերունդների զարգացման մեխանիզմ։
Այդ տեսանկյունից անչափ գովելի է Բիբլոս Բանկ Արմենիայի ներգրավվածությունը, որն արդեն 2 տարի անընդմեջ CaseKey-ի գլխավոր հովանավորն է։ Նրանց ներդրումը պարզապես ֆինանսական չէ։ Ղեկավար անձնակազմի անձնական ներգրավվածությունը և պարբերական հանդիպումները նպաստում են անմիջականությանը և, ինչն ավելի կարևոր է, սերունդների միջև կապի ակտիվացմանը»,- ասաց CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։
Գալա միջոցառման ընթացքում մասնակիցներին անակնկալ էր սպասվում։ Հենց եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցներն իմացան, որ CaseKey հավաքական թիմերը կներկայացնեն Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման 2 առաջատար միջազգային մրցույթներում։ Այս մրցույթներին մասնակցությունը նույնպես կֆինանսավորի Բիբլոս Բանկ Արմենիան։
CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որին ամեն տարի մասնակցում է ավելի քան 200 խելացի երիտասարդ, ծանոթանում տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: