Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 24-ին՝ կիրակի օրը, ժամը 18:00-ին, կայանալու է Բասկետբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։
«Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ: Մենք ևս ունենք ուժեղ ազգային թիմ, կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք և մենք մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ: Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո:
Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։ Սիրով բոլոր մարզասերներին հրավիրում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա գտնվելու դիտարժան այս խաղին և մեր ներկայությամբ աջակցելու մեր բասկետբոլիստներին: Կհանդիպենք նոյեմբերի 24-ին»,- գրել է Ռոստոմյանը: