Միլանի կենտրոնական Մոնտենապոլեոնե փողոցը՝ բարձր նորաձևության տների շքեղ խանութներով, դարձել է վարձակալության առումով աշխարհում ամենաթանկը։ Փողոցն առաջին անգամ այդ ցուցանիշով առաջ է անցել Նյու Յորքի և Լոնդոնի իր հիմնական «մրցակիցներից»՝ Հինգերորդ ավենյուից և Նյու Բոնդ սթրիթից։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Cushman & Wakefield անշարժ գույքի ընկերության տարեկան հաշվետվությունը, որը հետևում է իրավիճակին աշխարհի 138 առևտրային կենտրոններում:
Ընկերության տվյալներով՝ առավելագույն վճարը, որ կարող են գանձել փողոցում տարածք վարձակող առևտրականներից, մեկ տարվա ընթացքում աճել է 11%-ով՝ հասնելով մեկ քառակուսի մետրի համար մինչև 20,000 եվրոյի:
34 տարվա ընթացքում առաջին անգամ վարկանիշային աղյուսակը գլխավորել է եվրոպական փողոցը, նշում են փորձագետները։ 2023 թվականին Մոնտենապոլեոնեում նոր խանութներ են բացել Chanel-ը և Gucci-ն։
Kering լյուքս դասի ընկերությունների խումբը, որին են պատկանում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Gucci-ն և Alexander McQueen-ը, Միլանի այս փողոցում գտնվող շենքի համար վճարել է 1,3 միլիարդ եվրո, ինչը դարձել է երկու տարվա ընթացքում խոշորագույն գործարքը Եվրոպայի անշարժ գույքի ոլորտում:
Cushman & Wakefield-ի ներկայացուցիչ Թոմաս Կասոլոյի խոսքով՝ լյուքս բրենդները «շատ գումար են ներդրել՝ գտնելու լավագույն վայրը ծայրահեղ հազվագյուտ հնարավորությունների պայմաններում»: Նա կարծում է, որ Մոնտենապոլեոնեում վարձակալության վարձի արագ աճի պատճառը կապված է այն հանգամանքի հետ, որ փողոցը շատ ավելի կարճ է, քան Հինգերորդ ավենյուն կամ Նյու Բոնդ սթրիթը, բայց հենց այնտեղ են ձգտում միջազգային բրենդները՝ կատարելով ներդրումներ:
Ամենաթանկ հնգյակում ներառվել են նաև Ելիսեյան դաշտերը և Հոնկոնգի Չիմսաչյոյը, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Վիեննայի կենտրոնի Կոլմարկտ փողոցը: