Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմաբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա ավագանու նիստում խմակցությունը չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին:
Ըստ նրա՝ քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:
«Սիրելի´ գյումրեցիներ, 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեզ ներկայացրեց քաղաքի զարգացման մեր ծրագիրը, որը սակայն չստացավ ընտրողների մեծամասնության վստահության քվեն, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մենք խոնարհաբար ընդունեցինք ձեր քվեարկության արդյունքները և ձեր կողմից ամենաշատ քվեն ստացած ուժի ներկայացուցչին ընտրեցինք քաղաքապետ՝ ինքներս էլ քաղաքի կառավարման որոշակի պատասխանատվություն ստանձնելով։
«Բալասանյան» դաշինքի հետ մեր հետագա համագործակցությունը սակայն չստացվեց, կամ գոնե չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում ու ինչպես ավելի շահեկան կլիներ քաղաքի համար, և մենք խզեցինք կոալիցիոն համագործակցության հուշագիրը՝ մտադրված լինելով ծառայել համայնքին արդեն ընդդիմադիր դիրքերից մինչև գործող ավագանու պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Սակայն վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։
Սիրելի´ գյումրեցիներ, թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»,- ասված է գրառման մեջ:
The post Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.