«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հանդիպմանը՝ համաձայն վարձակալության պայմանագրի պայմանների: Հանդիպումը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 3-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։
«Մենք լավ տեսք ունենք: Բոլոր խաղացողները հասանելի են: Բացառությամբ Ջեյդոնի, նա վերջին մի քանի օրերին վատառողջ էր, բայց միևնույն է՝ չի կարողանա խաղալ՝ ըստ վարձակալության պայմանների»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ջեյդոն Սանչոն հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։