Հոկտեմբերի 10-15-ը Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի
գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում:
Այցի հիմնական նպատակը երկու քաղաքների միջեւ համագործակցության
համաձայնագրի ստորագրումն էր, որի հիմքը դրվել է դեռեւս 2023 թվականի
նոյեմբեր ամսին, Սենթ Էթիենի պատվիրակության Կապան կատարած այցի
շրջանակում՝ երկու քաղաքների միջեւ բարեկամական կապեր ձեւավորելու
մասին մտադրությունների նամակի ստորագրմամբ։
Ըստ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի՝ «Այս համագործակցությունը վկայում է ոչ միայն մեր երկու համայնքների միջեւ
արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական կապերի ամրապնդման մասին,այլեւ կարեւորագույն քայլ է մեր միջեւ առկա բարեկամությունն ու
փոխըմբռնումը ամուր եւ փոխշահավետ գործընկերության հիմքերի վրա դնելու համար։
Համաձայնագրի ստորագրման պահից մենք անցնում ենք նոր փուլ,
որտեղ կհամագործակցենք աջակցելով միմյանց զարգացման առաջընթացին,իրականացնելով համագործակցությանն ուղղված գործողություններ՝ առաջնահերթություն տալով մշակույթի, սոցիալական, երիտասարդության եւ առողջապահական ոլորտներին»։
Հնգօրյա աշխատանքային այցի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ, որոնց ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են Սենթ Էթիենի համայնքային կառավարման առաջատար փորձին եւ իրականացվող ծրագրերին։
Հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների,
ֆրանսիահայ հեղինակներ Ժան Պիեռ Քոթչյանի, Անտուան Ագուջյանի, Սենտ
Էտիենի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի եւ երիտասարդների հետ։
Այցելություններ են եղել Ժոֆֆրուա Գիշար մարզադաշտ, «ԱՍՍԵ»-ի, Արհեստի եւ արդյունաբերության թանգարաններ, քաղաքային կինոգրադարան եւ թվային մեդիա գրադարան, համալսարանական հիվանդանոցային կենտրոն եւ այլն։
Տեղի են ունեցել պաշտոնական միջոցառումներ եւ արարողություններ. Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը եւ Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակներ դրել հուշակոթողին, ինչպես նաեւ մասնակցել տեղի հայ առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ եւ Անմահ պատարագին։
Բանախոսներ Գեւորգ Փարսյանի, Տիգրան Եգավյանի եւ Հովհաննես Գեւորգյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաեւ աշխարհաքաղաքական համաժողով,որտեղ նրանք ներկայացրել են Հայաստանի, Արցախի եւ մասնավորապես Կապանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները, ինչպես նաեւ հարց ու պատասխանի ձեւաչափով խոսել վերջին զարգացումների մասին։
Պատվիրակության հնգօրյա այցը ամփոփվել է 2025 թվականի
համագործակցության շրջանակի քննարկմամբ, որի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ առողջապահության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում առաջիկայում ծրագրեր իրականացնելու համար:
The post Կապան համայնքի պատվիրակության հնգօրյա պաշտոնական այցը Ֆրանսիայի հանրապետության Սենթ Էթիեն քաղաք first appeared on MediaLab Newsroom-Laboratory.