ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն հայտնել է, որ SpaceX ընկերության Falcon Heavy գերծանր հրթիռակիրը, որը կրում է Europa Clipper տիեզերանավը, արձակվել է Ֆլորիդայում Քենեդու անվան տիեզերական կենտրոնից: Սարքը նախատեսված է Յուպիտեր մոլորակի արբանյակը՝ Եվրոպան, ուսումնասիրելու և այնտեղ կյանքի գոյության նշաններ հայտնաբերելու համար:
Ի սկզբանե, արձակումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 10-ին, սակայն այն հետաձգվել էր Միլթոն փոթորկի պատճառով:
Վեց տոննա քաշով Clipper-ը ՆԱՍԱ-ի կողմից երբևէ մոլորակային առաքելության համար ստեղծված ամենամեծ սարքն է: Այն կուղևորվի Յուպիտեր՝ անցնելով մոտ 3,22 միլիարդ կմ մինչև իր նպատակակետին հասնելը 2030 թվականին:
5 մլրդ դոլար արժողությամբ և 30մ երկարությամբ տիեզերական սարքն առաջադեմ գործիքների միջոցով կհետազոտի Եվրոպայի մակերեսը՝ օրգանական միացությունների հետքեր և արբանյակից արտանետվող գազեր գտնելու համար՝ գնահատելու, թե արդյոք այն բնակելի է: Այն կրում է ինը գործիք, այդ թվում՝ տեսախցիկներ՝ արբանյակի մակերեսը քարտեզագրելու համար, ինչպես նաև ռադար՝ արբանյակի մակերևույթի հաստ սառցե ծածկույթի տակ նայելու համար: