Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես արդեն ասել եմ, որ հյուսիսի բնակիչներին ապահով կվերադարձնենք իրենց տները։
Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք»,- ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տևած ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի աշխատակազմը։
Սա Նեթանյահուի առաջին հրապարակային ելույթն էր այն պահից ի վեր, երբ Լիբանանում տեղի ունեցան շիաների «Հեզբոլլահ» շարժման մասնակիցների կողմից օգտագործվող կապի միջոցների պայթեցման միջադեպերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։