Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը: Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ArmLur.am-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
-Պարո՛ն Աղազարյան, Դուք հրավեր ստացե՞լ եք մասնակցության, այդ օրը գնալո՞ւ եք Մայր աթոռ։
-Ճիշտն ասած՝ փոստը դեռ չեմ ստուգել, բայց եթե հրավեր ստանամ էլ, չեմ գնալու։
-Ինչո՞ւ
-Չեմ գնա, որովհետև հարմար չեմ գտնում։ Պատճառը եկեղեցու երկակի դեմքն է, մի կողմից իր սպասավորի միջոցով փորձում է անկայունություն մտցնել երկրում, մի կողմից էլ՝ իշխանության ներկայացուցիչներին հրավիրում է հոգևոր ծիսակատարության մասնակցելու։ Ես այդ մասով իմ կարծիքն ունեմ, այդ պատճառով չեմ գնալու, բայց նորից եմ ասում, չգիտեմ՝ հրավեր եկել է, թե՝ ոչ։
-Այսինքն, չե՞ք վստահում Հայ եկեղեցուն։
-Ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու այսօրվա սպասավորներին, իհարկե՝ ոչ բոլորին։ Չի կարելի անպատասխան թողնել հոգևորականի քաղաքական կեցվածքը և հոգևորականին ոչ հարիր բառամթերքը։
-Խոսքը կոնկրետ ո՞ւմ մասին է, Պարո՛ն Աղազարյան։
-Բագրատ Գալստանյանի։
-Այսինքն՝ այդ պատճառով եք որոշել չմասնակցել հոգևոր ծիսակատարությանը։
-Դե հիմա ինչ անեմ, ես էլ իմ անհամաձայնությունն այդ կերպ եմ արտահայտում։