«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները «Մարտի 1»-ի գործով կրկին մեղադրյալի աթոռին են, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դատական այն գործընթացները, որոշումները, որ նախորդիվ տեղի ունեցան, սխալ էին։
– Շատ կարճ՝ The Show Must Go On, հավանաբար իշխանությունները պատրաստվում են ընտրությունների, չեմ բացառում, որ նաև արտահերթ, հետևաբար շոուն պետք է շարունակվի, որ տպավորություն ստեղծվի, թե այս իշխանությունն անխնա պայքարում է նախկինների դեմ ու «Մարտի 1»-ի գործով շարունակում է իր պայքարը, ներառյալ դատախազությունը ու մյուս մարմինները։
– Իրականում՝ կարծում եք, որ արդյունք չե՞նք տեսնի։
– Իրականում, եթե Դատախազությունն ասելիք ուներ, Սահմանադրական դատարանի որոշումից հինգ րոպե անց դատախազը պետք է վազելով գնար խորհրդակցական սենյակ, նա բավարար ժամանակ ուներ գրավոր դիմելու դատարանին, ինչը ենթադրում է, որ դատարանը չէր կարող որոշում կայացնել, բայց Դատախազությունն ու մյուսները անմասն մնացին։ Քոչարյանի կողմն էլ, պարզ է, որ հետաքրքրված էր, ու իրենց «սև գործն» արեցին, ու մենք արդյունքում ունեցանք «Մարտի 1»-ի տապալում ու Ռոբերտ Քոչարյանի արդարացում։
«Մարտի 1»-ի գործով ամեն ինչ կարելի էր պատկերացնել՝ բացի արդարացումից։ Այս գործը, ի դեպ, անգամ Սերժ Սարգսյանը չէր տապալել, լինելով Ռոբերտ Քոչարյանի հետ «Մարտի 1»-ի հանցակից, այս մարդը չէր փակել այդ գործը, այսինքն՝ նրա ողջամտությունը հերիքել էր մինչև վերջ չփակելու այս գործը, Նիկոլ Փաշինյանը փակեց այս գործն ու արդարացում նվիրեց Քոչարյանին, հիմա էլ փորձում են ինչ-որ ձևով արդարանալ, որովհետև տեսան, թե հասարակությունը որքան բացասական արձագանքեց դրան, հիմա՝ մինչև ընտրությունները, նոր իմիտացիա է պետք ստեղծել։
– Տիկի՛ն Կարապետյանց, բայց իշխանությունն այս ամենին զուգահեռ մշտապես հայտարարում է, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։
– Հին անեկդոտ կա, ասում է՝ «Դու էլ ասա», շատ հին ու շատ հաճախ կրկնվող միտք է, որը մեր տխուր իրադարձություններին շատ հաճախ չի համապատասխանում, բայց այդ իմաստով ուղիղ համարժեք է։
– Այս օրերին ընթանում է նաև ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը, այս գործից ի՞նչ արդյունք եք ակնկալում։
– Մեծ մտավախություն ունեմ, որ հերթական անգամ ականատես ենք լինելու նրան, որ գուցե առաջին ատյանի դատարանը պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնի, բայց մնացած ատյաններում կամ Եվրոպական դատարանում ունենալու ենք մեծ խնդիրներ, ու, որպես հետևանք՝ հարկատուները ստիպված են լինելու այս իշխանության շատ սիրելի Հրայր Թովմասյանին հատուցել նրա խախտված իրավունքների համար։
Հաշվի առնելով, որ դատավորը կարողանում է քնել դատական նիստի ժամանակ, ենթադրում եմ, որ նա արդեն գիտի, թե ինչ որոշում է կայացնելու ու կարիք չի զգում լսել, թե ինչի մասին են խոսում կողմերը, հետևաբար ենթադրում եմ, որ առաջին ատյանի որոշումն արդեն կայացված է։
– Տիկի՛ն Կարապետյանց, ասում եք, որ խնդիրներ ենք ունենալու, ու դա նաև արտահայտվելու է ֆինանսական դրսևորմամբ պետության վրա, իշխանությունն այս հանգամանքը հաշվի չի՞ առել, որ նման գործընթացների է գնում։
– Իշխանությանն անհրաժեշտ է միայն շոու, որպեսզի շոուն շարունակվի, ուրիշ ոչինչ այս իշխանությանը հետաքրքիր չէ, վերջերս վարչապետն ինքն է շատ հետաքրքիր արտահայտություն արել, որ «հասարակությանը, ժողովրդին ցույց տալու բան է պետք»։ Այսինքն՝ իրենց հետաքրքիր է միայն արտաքին փաթեթավորումը, որպեսզի ժողովրդին ցույց տալու բան ունենան, թե դրա տակ ի՛նչ կլինի, ի՛նչ հետևանքներ դա կունենա պետության համար, այս իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանը փակեց այս գործն ու արդարացում նվիրեց Քոչարյանին, հիմա էլ փորձում են ինչ-որ ձևով արդարանալ. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.