Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդրական փոփոխությունը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նախագծի ընդունմամբ՝ ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ:
ՊԵԿ նախագահը նշել է, որ այս նախագծով վարչարարության ևս մեկ գործիքակազմ է ավելանում Հարկային օրենսգրքում, որը միաժամանակ բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից:
Այս օրենդրական փոփոխության արդյունքում Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին: Պայմանավորվող կողմերի բոլոր ռեզիդենտ ֆինանսական հաստատությունները պարտավոր են նույնականացնել նույն պայմանագրի մաս կազմող այլ երկրի ռեզիդենտներին և իրենց ֆինանսական հաշիվների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ փոխանակել հարկային մարմինների միջոցով: Փոխանակումը տեղի է ունենալու ոչ թե հարցման հիման վրա, այլ՝ ավտոմատ:
Նշված տեղեկությունները ֆինանսական հաստատություններն առաջին անգամ ներկայացնելու են 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար. առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից:
The post Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.