«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, օգոստոսի 19-ին ՌԴ նախագահը, երբ պետական այցով Բաքվում էր, ու Իլհամ Ալիևի հետ քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցեր, կարծիքներ հնչեցին, թե Հայաստանին վերաբերող հարցերն այժմ քննարկվում են առանց Հայաստանի, ու մեզ ընդամենը տեղյակ են պահում։ Երեկ ևս տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի ու Ալիևի միջև։ Արդյո՞ք Հայաստանին վերաբերող հարցերն արդեն քննարկվում են առանց Հայաստանի, ինչպես շատերը պնդում են։
– Նախ նշեմ, որ բազմաթիվ ու տարբեր տեղերում Հայաստանի հարցը կարող է քննարկվել, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը պարտավորված է լինում այդ քննարկման արդյունքների հիման վրա գործողություններ իրականացնել։ Պուտինն ու Ալիևը, իհարկե, բազմաթիվ առիթներ են ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը միմյանց միջև քննարկելու ու գուցե դրանից հետո նաև որոշումներ են կայացրել, բայց այնպես չէ, որ այդ որոշումներն ի կատար են ածվել, գոնե այն դեպքերում, երբ Հայաստանի մասնակցությունն այնտեղ անհրաժեշտ էր։
Հայաստանն իր շահերի հիման վրա, շատ դեպքերում՝ իր որոշած քայլերն է իրականացնում, իսկ այս զանգը, ես կարծում եմ, որ կարող է և ամբողջապես Հայաստանի հետ կապված չլինել: Ադրբեջանն ու Ռուսաստանն այս պահին հարցերի բավական լայն շրջանակ ունեն, որոնք վերաբերում են թե՛ Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու հարցում Ադրբեջանի կողմից տրամադրվող օգնությանը, թե՛ ռուսական էներգակիրներն Ադրբեջանի տարածքով արտահանելու հարցերին, թե՛ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջան-Ռուսաստան մոտեցումներին, թե՛ Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին և հետպատերազմյան ժամանակաշրջանում ավելի սերտ հարաբերություններին՝ ի հաշիվ, օրինակ՝ Ադրբեջան-Թուրքիա փոխհարաբերությունների, այսինքն՝ բազմաթիվ են հարցերը, որոնք կարող են շրջանցել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան խնդիրները:
Չպետք է իհարկե բացառել, որ գուցե քննարկվել են Պուտին-Փաշինյան վերջին զրույցի արդյունքները, առավելևս, որ, իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը հասկացել է, որ գոնե այս պահին ի վիճակի չէ Ռուսաստանի համար ցանկալի ձևաչափով միջանցք ստանալ դեպի Նախիջևան, ու, հավանաբար, դրա մասին տեղյակ է պահվել Պուտինին՝ Բաքու այցի ժամանակ, արդեն հստակ տեքստով: Գուցե Ռուսաստանն ինքն է փորձում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչի արտահայտությունը մենք տեսանք Լավրովի, ապա Լուկաշենկոյի հայտարարությամբ։ Ու հնարավոր է, որ այդ ճնշման արդյունքները կարիք է եղել Ալիևի հետ քննարկելու։
– Ձեր գնահատմամբ՝ այսօր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում որքա՞ն են Ռուսաստանի՝ որպես ակտիվ միջնորդի շանսերը:
– Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այս պահին չունի այնքան ռեսուրսներ, ինչ ուներ նախկինում, որպեսզի ուկրաինական պատերազմից բացի այլ հարցերում ակտիվ դերակատարում ունենա: Այնուամենայնիվ, որոշակի իներցիոն գործընթացներ կան, օրինակ՝ սահմանազատման հանձնաժողովը, որտեղ Ռուսաստանը ներկայացված է, որոնք ինչ-որ չափով սառեցված են, բայց վերացված չեն, ու Ռուսաստանն այստեղ իր մասնակցությունն ունի:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցին, ապա դա Արևմուտքի նախաձեռնությունն է, ու շատ քիչ հավանական է, որ Ռուսաստանին կհաջողվի այդ նախաձեռնությունը խլել Արևմուտքից ու հիմնական միջնորդի դեր խաղալ։
– Չնայած նրան, որ իրենք պատրաստակամությո՞ւն են հայտնում դա անել։
– Նրանք միշտ են այդ մասին ասել, բայց գոնե վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը հրաժարվել է այդ միջնորդությունից, ինչն ակնհայտորեն կապված է նրա հետ, որ Ռուսաստանն իրականացնում է մի քաղաքականություն, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, որը հակասում է Հայաստանի շահերին։
– Իսկ Արևմուտքի այդ միջնորդությունն ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Ղևոնդյան։
– Արևմուտքը՝ հատկապես ԱՄՆ-ն, այն ծրագիրը, որը սկսել են, փորձում են քայլ առ քայլ առաջ տանել ու ի վերջո ինչ-որ հաջողություն արձանագրել, որովհետև ամբողջական հաջողությունը չի ստացվի, քանի որ կոմունիկացիաների բացման ու սահմանազատման ու սահմանագծման հարցերն արդեն դուրս են բերվել ընդհանուր համաձայնությունից, ինչը նշանակում է, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը չի ներառելու երկու հիմնական հարց։
Այստեղ կարևոր է, թե Արևմուտքին բավարարո՞ւմ է այդ մասնակի հաջողությունը, թե՞ Արևմուտքը կցանկանա գործընթացն ավելի բարդ ու երկարաժամկետ դարձնել, բայց ներառել նշված երկու կարևոր հարցերը: Սա կախված կլինի նրանից, թե Արևմուտքում ինչպիսի շահեր կգերակայեն, առաջին հերթին՝ ով կլինի ԱՄՆ-ի հաջորդ նախագահը, ինչպիսի քաղաքականություն կվարի։
– Այսինքն՝ մինչև նախագահի ընտրություն էական փոփոխություն չե՞նք տեսնի այս գործընթացում։
– Չեմ կարծում, շատ քիչ ժամանակ է մնացել, մի քանի օրից Ադրբեջանում խորհրդարանի ընտրություններ են, հետո Վրաստանում են ընտրություններ, որին անմիջապես հաջորդելու է ԱՄՆ նախագահի ընտրությունը: Ավելին՝ Բայդենի՝ ընտրարշավից դուրս գալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում նաև ԱՄՆ-ի իշխող վարչակազմում, որովհետև նույնիսկ Հարիսի ընտրվելուց հետո շատ են խոսակցությունները, որ իրենց պաշտոնները կլքեն Օ՛Բրայենը, Բլինքենը, Սալիվանը և այլք, որոնք ակտիվ մասնակցություն ունեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում։ Այսինքն՝ եթե նույնիսկ գործընթացը շարունակվի, ապա շատ փոփոխություններ են լինելու։
– Իսկ Ադրբեջանը ո՞ր գերտերության միջնորդությամբ է ուզում ընթանա հարաբերությունների կարգավորումը։
– Նախ ադրբեջանական կողմը փորձում է աշխատել ավելի շատ այն գերտերության հետ, որը հնարավորություն է տալիս այս պահին չստորագրել փաստաթուղթը, իսկ այդ գերտերությունը, Ադրբեջանի ընկալմամբ, որը գերտերություն էլ չէ, տարածաշրջանային պետություն է՝ Ռուսաստանը, որն այդ հնարավորությունը տալիս է։
Մյուս կողմից՝ կա ԱՄՆ-ն, որը եթե իսկապես ցանկանա հասնել պայմանագրի կնքման, ու դա նրա շահերից բխի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գնալ ստորագրման։ Ադրբեջանն այս պահին կարողանում է վարել կոմպլեմենտար քաղաքականություն, որի մասին հայտարարում է նույն Ադրբեջանը ու կարողանում է իրականացնել դա, որովհետև հաղթել է պատերազմում ու այսօր տարածաշրջանում բավական լուրջ դերակատարում է ստանձնել, ինչն այս պահին ես հնարավոր չեմ համարում Հայաստանի համար:
Հայաստանն այսօր և՛ աշխարհաքաղաքական փոփոխությունների առումով, և՛ կոնկրետ մեր ռեսուրսների առումով չունի այդ կոմպլեմենտար քաղաքականությունը վարելու տարածությունը ու ստիպված է լինում շատ հարցերի վերաբերյալ կոնկրետ ընտրություն կատարել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ադրբեջանը փորձում է աշխատել այն գերտերության հետ, որը հնարավորություն է տալիս այս պահին չստորագրել փաստաթուղթը, իսկ դա Ռուսաստանն է. Ղևոնդյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.