ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, շնորհավորելով Ալեքսանդր Վ. Թիգույին նշված պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արսեն Այվազյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա՝ հաշվի առնելով պարոն Ալեքսանդր Վ. Թիգույի նախընթաց գործունեության հարուստ փորձառությունը, ինչպես նաև՝ 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ստեղծված հնարավորությունները, ինչը նոր մակարդակի է տեղափոխել երկու կառույցների հարաբերությունները։
Ալեքսանդր Վ. Թիգույը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի հետագա իրականացումը էապես կխթանեն հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարում երկուստեք ներդրվող ջանքերը և կնպաստեն Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանը ներկայացրել է Հայաստանում քննչական համակարգի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները, ՀՀ քննչական կոմիտեում բարեփոխումների ընթացքը։
Մտքեր են փոխանակվել արդեն իսկ ձևավորված հարուստ բազայի հենքի վրա համագործակցությունը զարգացնելու նոր հնարավորությունների, ձևաչափերի շուրջ։ Կարևորվել է հանրային առանձնակի վտանգավորություն ունեցող հանցատեսակներով նախաքննության արդյունավետության բարձրացման, քրեական վարույթներով տեղեկատվության, փորձի փոխանակման գործընթացների շարունակումը։
The post ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդը ՀՀ քննչական կոմիտեում քննարկել է հետագա գործակցության հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.