Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականում չի աշխատում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրն այսօրվա դրությամբ առավելագույնը մինչև 2000 շահառու կարող է ունենալ։
Ես կարծում եմ այս փաստը բավական է, որ պատասխանատուները ժամ առաջ դուրս շպրտվեն իրենց կաբինետներից, այն մարդիկ, որոնք նման ծրագիր են առաջարկել, որն իրականում չի աշխատում։ Վատնել են ժամանակ ու ռեսուրս, կառավարության նիստում ընդունել են որոշում, մարդկանց մոտ հույս են առաջացրել, ոգևորությամբ ներկայացրել են, ու հիմա ձախողել են այդ գործընթացը։ Չկա, չի աշխատում այդ ծրագիրը, ու որևէ մեկը պատասխանատու չէ, որևէ մեկը չի ասում։
Կառավարության համար շատ ավելի կարևոր էր ծրագրի հռչակման շուրջ բարձրացված աղմուկը, քարոզչական արշավը, քան իրականությունն ու արդյունքները»,-գրել է նա։