«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 19-ին, սակայն մինչ այդ նա 2015-ից 2018 թվականներին եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միեւնույն ժամանակ նույն թվականներին եղել է ընտրական ծրագրերի համակարգող Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում:
Գրիգորյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2020 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:
Անվտանգության խորհրդի քարտուղարը, որպես տրանսպորտային միջոց, հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, ինչը տարվա ընթացքում վաճառել է 7 մլն 350 հազար դրամով: Գրիգորյանը հաշվետու տարվա վերջում հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 11 մլն 500 հազար դրամով:
Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 908 հազար դրամ, ինչը տարվա վերջում ավելացել է` դառնալով 978 հազար դրամ: Գրիգորյանի` ստացված վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 209 հազար դրամ, որը բնակարանի ձեռքբերման հիփոթեքի գումարն է, իսկ փոխառության մնացորդի չափը նույն ժամանակաշրջանում կազմել է 4 մլն 204 հազար դրամ:
Հաշվետու տարում վարկի մարմանը ԱԽՔ քարտուղարն ուղղել է 6 մլն 775 հազար դրամ:
Արմեն Գրիգորյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 32 մլն 816 հազար դրամ, որից 22 մլն 859 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած գումարն է, 5 մլն 456 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած գումարը, եւ 4 մլն 500 հազար դրամը «Ամերիաբանկ»-ի կողմից ստացած փոխառության (վարկ) գումարն է եղել:
Հարկ է նշել, որ ՀՀ ներկայիս անվտանգության խորհրդի քարտուղարի կենսագրությունից նկատում ենք, որ նա, մինչեւ պաշտոնը զբաղեցնելը, բացի դասախոս եւ ՀԿ-ի ծրագրերի համակարգող լինելուց՝ որեւէ այլ պաշտոն չի զբաղեցրել եւ կարիերայի «պիկին» հասել է 2021 թվականին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։