Իսպանական Futuro Vegetal կազմակերպության բնապահպան ակտիվիստները ներխուժել են արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ Իբիցայում գտնվող առանձնատան տարածք։ Նրանք կարմիր և սև ներկ են լցրել պատերին և ծածանել պաստառ՝ «Օգնե՛ք մոլորակին, կերե՛ք հարուստներին, վերացրե՛ք ոստիկանությունը» գրությամբ:
Ինչպես գրում է forbes.ru-ն, Մեսսին այս տունը գնել էր 11 միլիոն եվրոյով: Այս քայլով նրանք ցանկացել են ուշադրություն հրավիրել «կլիմայական ճգնաժամի պայմաններում հարուստների պատասխանատվության վրա»։
«Մենք ներկ ենք լցրել Մեսսիի՝ Իբիցայում գտնվող անօրինական առանձնատան վրա: Դա ապօրինի շինություն է, որը ֆուտբոլիստը գնել է ահռելի 11 միլիոն եվրոյի դիմաց...»,- գրել է Futuro Vegetal կազմակերպությունը X սոցիալական ցանցի իր էջում։
Բնապահպան ակտիվիստները, վկայակոչելով աշխարհում անհավասարության դեմ պայքարի Oxfam միջազգային կազմակերպության 2023 թվականի զեկույցը, ընդգծել են, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ը 2019 թվականին արտադրել է նույնքան ածխաթթու գազ, որքան աղքատ երկրներում բնակչության երկու երրորդը:
Բնապահպան ակտիվիստները նաև պնդել են, որ շենքն ապօրինի է կառուցվել։
«Սա ևս մեկ օրինակ է, որ օրենքը բոլորի համար հավասար չի գործում։ Պետական կառույցները ծառայում են իշխող փոքր դասակարգին և չեն արտահայտում ժողովրդի կամքը»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
Առանձնատունը, որը ներառում է սպա, սաունա և կինոդահլիճ, Մեսսին գնել է 2022 թվականին։ Սակայն նա դեռևս չի կարողացել ստանալ բնակելիության վկայական՝ տեղական իշխանությունների կողմից տրված փաստաթուղթ, որը հաստատում է, որ գույքը կարող է զբաղեցվել։ Ինչպես նշում է Le Parisien-ը, դա պայմանավորված է նրանով, որ մի քանի սենյակներ կառուցվել են առանց թույլտվության։ Այդ պատճառով շենքը ներկայումս դատարկ է։
Տեսանյութն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: