Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն երկու եզրափակիչների:
Առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում գերազանց կատարումով վաստակեց 14.733 միավոր և դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար:
Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Անմիջապես օղակների վարժության եզրափակիչից հետո կմեկնարկի հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ պայքարի մեջ կլինի Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արթուր Դավթյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հուլիսի 27-ին վաստակել է 14.666 միավոր:
Արթուր Դավթյանը համարվում է այս վարժության գլխավոր ֆավորիտը:
Նրա մասնակցությամբ եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին Երեւանի ժամանակով 18:25-ին: