ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։
«Էներգետիկ ոլորտի մինչև 2024 թվականի ռազմավարության մեջ մենք ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում ունենանք առնվազն նոր հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։ Այս գործընթացն ավելի կազմակերպված և համակարգային իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունը», - նիստի ժամանակ հայտարարեց Սանոսյանը։
«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել կազմակերպություն (փակ բաժնետիրական ընկերություն)՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power. No. NG-G-3.1 (Rev. 1) ուղեցույցի համաձայն։ Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը և կադրերի հավաքագրումը պետք է համապատասխանի ԱԷՄԳ-ի ընթացակարգերին, ֆինանսավորումը պետք է իրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ընկերության ընդհանուր կառավարումը պետք է իրականացվի լիազոր մարմնի, այն է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ընկերությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր նոր առաջարկվող ատոմակայանների տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև։
Ընկերությունը պետք է ներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:
Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե:
Կառավարությունն ակնկալում է, որ նոր ընկերությունը ստեղծումից հետո 1,5-2 տարի անց կկարողանա եզրակացություն ներկայացնել։