ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է արդյունավետ համագործակցությունը ՀՀ այլ իրավապահ մարմինների հետ։
Օրերս, ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում զննման է ենթարկել «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանին: Արդյունքում, առաքանիում անձնական օգտագործման իրերից բացի հայտնաբերվել են «MENTOS» տեսակի մաստակի տուփեր, որոնց մեջ եղել է «B 8» գրառմամբ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 886 հաբ։
Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով «Հայփոստ» ՓԲ ընկերության անվտանգության աշխատակիցների հետ, պարզել են ծանրոցի հասցեատիրոջ ինքնությունը, ինչպես նաև այն փոստային բաժանումքը, որտեղից վերջինս պետք է ստանար առաքանին։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքից ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել քաղաքացի Ա․Վ․-ն և վերջինիս որդին՝ Ն․Վ․-ն։
Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացիները ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշման հիման վրա կալանավորվել են։
Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով և համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ: Արդյունքում, քաղաքացի Ն․Վ․-ի բնակության վայրից հայտնաբերվել են նաև մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և սվին դանակներ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=sfiUlRhAGP4